«Հենց այսօր՝ թեկուզ ծառայողական քննության շրջանակում պետք է կասեցվի այն ոստիկանների պաշտոնավարումը, որոնք որևէ առնչություն ունեն Տիգրանի խոշտանգման հետ»։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ ՔԿ–ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պարզվել է, որ գերատեսչությունում չգիտեն՝ ովքեր են այն ոստիկանները, որոնք խոշտանգման են ենթարկել Տիգրանին։
«Հարցին՝ ձերբակալվա՞ծ է այս պահին որևէ ոստիկան, կամ այս պահին այդ հարցը քննարկվու՞մ է, ՔԿ–ում պատասխանեցին՝ ոչ։ Քննչական կոմիտեն առաջարկում է ընդամենը կազմակերպել Տիգրան Ուլուբաբյանի լրացուցիչ հարցաքննություն, այն դեպքում, երբ ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա»,–ասաց փաստաբանը՝ նշելով, որ դժգոհ է ՔԿ–ի պատասխանից։
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։











