Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ թե պատրաստ է հենց հիմա ստորագրել Ադրբեջանի հետ համաձայնեցրած տեքստը, որևէ մեկին ուղղված չէ։ Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Եթե Ադրբեջանին էր, Ադրբեջանը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել: Միացյալ Նահանգների խնդիրը լրիվ ուրիշ է, Ռուսաստանի խնդիրն ուրիշ է, եվրոպացիները ընկած են իրենց դարդ ու ցավի մեջ: Այդ դեպքում ու՞մ է ուղղված: Սա շատ նմանվում է նրան, որ դպրոցական երեխեք կան, որ միակողմանի անպատասխան սիրո մեջ են, րոպեն մեկ սիրային նամակներ են գրում ու դիմացինն էլ իր դիմաց պատռում է:
Այդ սիրային նամակների մեջ Փաշինյանը շատ ավելի առաջ գնաց, նախօրեին հայտարարելով, որ հանձնարարություն է տվել բանակին՝ հանկարծ սադրանքներ չանեն, չկրակեն և այլն: Սրանով հեղինակազրկում է, բարոյազրկում է բանակին:
Մի քանի օր բանակը հստակ նշում էր, որ սուտ է ասում ադրբեջանական քարոզչամեքենան, որևէ կրակոց չի եղել, այս ամեն ինչից հետո մի հատ էլ զանգում է Պապիկյանին ասւոմ՝ հանկարծ չկրակե՞ք: Բանակը ունի իր խնդիրները, զինված ուժերը ունի կանոնակարգեր, զինված ուժերի կիրառման պլան, հազար մի տեսակ կարգավորումներ, այդ կարգավորումներով են զինված ուժերը շարժվում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կաբինետի զանգերով»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ նպատակով է Ադրբեջանը վերջին օրերին ապատեղեկատվություն տարածում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Պարբերաբար Ադրբեջանը դա անում է, պարբերաբար նույն սպառնալից տոնով խոսում է, նորանոր զիջումները պահանջում և ստանում Հայաստանին։ Հիմա այս անպատասխան ստատուսներից հետո վաղը չի բացառվում և կան նաև որոշ տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը այդ թուղթը մենակ ստորագրի:
Հետո դա էլ չի գնահատվի, կասի լավ, մենակ ստորագրել եմ, սկսում եմ ի կատար ածել։ Այցերը մենակով հետ կկանչի, կսկսի ինձ, մյուսին, մյուսին, բռնել, ասել՝ բա, տեսեք, դուք ռեվանշիստներ եք և այդ փաստաթղթում ընդհանրապես դրանք արգելելու մասին համաձայնություն կա: Վերջում միակողմանի ամեն ինչը կանի ու կասի՝ ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատել եմ»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:











