Մեղք է Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող փաստաթղթի համար կիրառել «խաղաղություն» բառը, այնտեղ խաղաղություն չկա։ Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Կարգավորում էլ չկա: Գլոբալ կարգավորումը նշանակում է Ջերմուկից ադրբեջանական զորքերի դուրսբերում, Գեղարքունիքից դուրսբերում, ռազմագերիների վերադարձ, հազար մի տեսակ հարցեր, որը չկա: Իրականում Հայաստան ուներ հզոր զենք միջազգային ատյաններում՝ դատական հայցերը, դա էլ է հետ քաշում: Հիմա Ադրբեջանը շարունակում է, ասում է՝ Մինսկի խումբը արի լուծարենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխանությունները նշում են, որ երկու կողմերն են հայցերը հետ քաշում, Մանուկյանը նկատեց, որ բոլոր միջազգային իրավաբաններ արձանագրում են, որ Հայաստանի հայցերը շատ ավելի զորավոր են։
«Այսօր Բաքվում տեղի ունեցող դատավարությունը իրականում Հայաստանի Հանրապետության դեմ դատ է։ Այդ դատավճիռը, որ եղավ, դատը ավարտվեց, Ադրբեջանը այդ դատավճռով հայց չի ներկայացնելո՞ւ Հայաստանի դեմ: Սխալվում են սրանք, եթե հույս ունեն, որ չեն ներկայացնելու: Առաջիկայում էլ Ադրբեջանը շարունակելու է հայցեր ներկայացնել»,-ասաց նա:











