Արբանյակների նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու-չկրակելու մասին, դրա համար պետք են տեսագրություններ, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարեւանները, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, ունեք տեսանյութեր, տրամադրեք մեզ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պախպիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմը արբանյակներից լուսանկարներով չի ապացուցում, որ Ադրբեջանը ստում է՝ հայտարարելով, թե հայկական կողմը խախտել է հրադադարը եւ կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել այդ տեսանյութերը: Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ: Չեղած բանի ի՞նչը ապացուցեմ, ինչի՞ մասին խոսեմ: «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման ապատեղեկատվություն: Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա: Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել»,-ասաց նա:
Պապիկյանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա. «Որպեսզի նման գնահատակն տամ, պետք են հետախուզական տվյալներ: Այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ: Մամուլում ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում: Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ»:











