«Այնտեղ խաղաղության պայմանագիր չկա, ի՞նչ պայմանագիր, եթե կողմերն իրար չեն ճանաչում։ Ու՞մ հետ ենք խաղաղության պայմանագիր ստորագրում, Ադրբեջանը մեր սահմանները չի ճանաչում»։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։
«Պայմանագիրը ստորագրելուց հետո ասելու ենք՝ դե եկե՛ք հիմա սահմանները որոշենք, ու Ադրբեջանը նորից հարձակվելու է։ Չէ՞ որ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանին չի պարտավորեցնում ճանաչել ՀՀ սահմանները, միայն հայկական կողմն է ճանաչում Ադրբեջանի սահմանները։ Դա դառնալու է պատերազմի պայմանագիր։ Ու՞մ է պետք այդ պայմանագիրը, ինչու՞ ենք ստորագրում։ Փաշինյանը շուտով գնալու է, հաջորդ իշխանությանն է կրակը գցելու, չեն իմանալու ինչ անել»,–ասաց Հրանտ Բագրատյանը՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել «Միասին» շարժման կազմակերպված հավաքներին և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հրանտ Բագրատյանը նշեց, որ առաջիկայում պատրասվում է քննարկում կազմակերպել ընդդիմադիր ուժերի հետ։
«Նման քննարկումները ընդդիմադիր դաշտի ուժերին սովերցնում են միասին աշխատել։ Ես բոլորին հիշեցնում եմ, որ փորձանք է գալիս՝ «Խաղաղության պայմանագիր» անվամբ։ Պայմանագրի ստորագրումից 10-15 օր հետո ուզենալու ենք գնալ Մեղրի, ադրբեջացիները կանգնացնելու են, ասեն՝ սպասի, մենք գնանք, հետո կհասկանք՝ ձեզ թողնում ենք, թե ոչ»,–հավելեց նա։











