Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող վարդաշենցիները քիչ առաջ մտան քաղաքապետարնի շենք:
Հիշեցնենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել:
«Մեզ ասացին, որ ինչ-որ մեկը պետք է իջնի եւ մեր հարցերին պատասխանի, սակայն դեռ չգիտենք՝ ով: Պետք է իջնի կամ Փամբուչչյանը, կամ Ավինյանը: Անձամբ ինքը, քանի որ ինքն է խոսք տվել, գործակարգավարականում էլ ասել է՝ «Այո, ես խոսք եմ տվել և մենք պետք է ապահովենք թեկուզ փուլ առ փուլ»: Բնակիչները բոլորն էլ համաձայն են: Հերթականությամբ թող ապահովեն: Փամբուխչյանը երկու շաբաթ առաջ եկավ մեր շենքեր»,-ասաց բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ հավելեց, որ իրենք համաձայն չեն բնակարանի գնման սերտիֆիկաներին, եթե իրենցից վերցնում են բնակարան, պետք է դիմացը տան նոր բնակարան. «Երկու շաբաթ առաջ փոխքաղաքապետ ԱՐմեն Փամբուխչյանը ասաց, որ մեկ շաբաթից ձեզ պատասխան կտանք: Մենք սպասեցինք, անգամ զանգեցինք: Շեշտեց, որ ամեն շենքից 3 ներկայացուցիչ թող գա, կհանդիպենք թաղապետարանում, բերեք այն ցուցակները, որոնք ավելի վատ են ապրում: Այդ ցուցակները կազմած, պատրաստ սպասում ենք իրենց զանգին: Բայց դա էլ չեղավ»,-ասաց բնակիչը:











