Ես Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքից եմ, շենքի տակը ջուր է, շենքը թեքության վրա է, կոյուղու բոլոր խողովակները ջարդված են, ջուրը այդ պատի տակից լցվում է մյուս փողոցի տների մեջ։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքի բնակիչներից Գոհար Խուցիշվիլի:
Նշենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել:
«Եթե այդքան ջուրը լցվում է տան տակ, իմ դուռը մեկ բացվում է, մեկ չի բացվում, որովհետև շենքը թեքվում է, իջնում է: Երկաթե դուռը խարտում են, փակվում է, հետո որոշ ժամանակ անց նորից չի բացվում, որովհետև շենքը թեքվում է: Էլ չեմ ասում խոնավության, փոքր երեխաների առողջության մասին: Եթե մի հատ երկրաշարժ լինի, մեր շենքը կնստի»,-ասաց նա:
Բնակիչը համոզմունք հայտնեց, որ եթե ուզենան այդ հարցը լուծել, կլուծեն. «Մի տարի թող թաղապետների կամ իրենց կաբինետները ռեմոնտ չանեն, 7 միլիոն է, 10 միլիոն է, որ ծախսում են, թող երկու-երեք ամիս էլ իրենք պրեմիա չստանան, թող ժողովրդի մասին մտածեն: Այնպես չի, որ սոված կմնան, եթե այդ պրեմիաները չստանան:
Անձրևների ժամանակ ջուրը լցվում է ներս, մենք փակում ենք, եթե չփակենք, հիմա վաղուց արդեն տունը փլվել էր: Ամեն տարի իմ տղան ռեմոնտ է անում
Մի շաբաթ առաջ մեբելը հետ քաշեցինք, հոտ էր գալիս տնից, հետ քաշեցինք, տեսանք պատը փլվել է, լցվել մեբելի հետևը, փչացրել է: Այդ քանդված խոնավ պատի հոտը, բորբոսը անտանելի է»,-ասաց տիկին Գոհարը հավելելով, որ 5 հոգով ապրում են 60 քմ տարածքում:











