Ես ապրում եմ Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 շենքում, ապրում ենք չորս հոգով 28 քառակուսու մեջ, լրիվ տունը ջրի մեջ է, ես նկարները կարող են փոխանցել: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդաշենի բնակիչներից Լիանա Ալոյանը:
«Ինչքան տանիքը սարքում ենք, օգուտ չկա: Երկու օր առաջվա անձրևներից սաղ տան առաստաղը, ննջարանի պատը, որը որ ընդհանուր միջանցքի հետ է, խոնավացել է, բորբոսը նորից ավելացել է: Ես լրիվ անելանելի իրավիճակում եմ, տանիքում ծառ է աճում, ես կարող եմ ցույց տալ: Հենց իմ դռան դեմը պանելը կախված է, ամեն վայրկյան կարող է փլվել: Ես հիմա այստեղ եմ, բայց իմ պուճուրը տանն է, ես տագնապով եմ, գնամ հանկարծ մի բան չլինի։
Այսքան տարի պայքարելուց հետո գոնե այսօր գան մի հատ թուղթ տան, ասեն՝ այսինչ օրը, ժողովուրդ ջան, ձեր հարցը այսպես կլուծենք:
Ամբողջ շենքը ծռված է, առաջին հարկը դարձել է պադվալային հարկ: Բակի կողմից շենքը հաշվում ես չորս հարկ է, մտնում ես մուտք, երեք հարկ է բարձրանում: Քարերն առաջ են եկել, Աստված մի արասցե, մի հատ երկրաշարժ եղավ, այդ ծանր քարերը կթափվեն: Մեզ խոստացան, որ մեկ շաբաթ կքննարկենք, կգանք ձեզ կասենք, բա ո՞ւր են լուծումները: Չէ՞ որ 182 ընտանիքի կյանքը կախված մազից»,-ասաց տիկին Լիանան:
Նշենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել:











