Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի և եվլախականները որոշել են, որ պետք է խոսեն Ղարաբաղից, ես դրա հետ կապված պրոբլեմ չունեմ, եկեք խոսենք Ղարաբաղից: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ՔՊ-ականները նեղվում, երբ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները քաղաքականացնում են ընտրությունները և Արցախի հարցն են շոշափում:

«Իրենք են Ղարաբաղը հանձնել Եվլախում: Անձամբ իրենց դեմքերով, իրենց կամակատարների դեմքերով, Սերժի, Քոչարյանի մարդիկ գնացել են Եվլախ ու այդ ամեն ինչը կազմակերպել են: Ինձ համար զարմանալի է, զուտ որ եվլախականների թևը որոշել է, որ ինքը պետք է Ղարաբաղից խոսի: Այդ թեմայով իրենք հողին են հավասարեցված առհասարակ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՔՊ-ի թեկնածուն հայտարարել է, որ չեն կռվել, դրա համար էլ Արցախը կորցրեցինք, Ալեքսանյանն ասաց. «Օրինակ Վարդանիկի բանակից ազատված  տղա՞ն է կռվել, Մարտուն Գրիգորյանի բանակից ազատված գերդաստա՞նն է կռվել, ո՞վ է կռվել:

30 տարի, որ բանակի զենքերի փոխարեն մեկը Մոնակոյում էր դեղին լոգազգեստով ինչ որ հաճույքներ վայելում, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, սատկած առյուծ էր քշում, այդպե՞ս էին ուզում, որ Ղարաբաղում պատերազմ հաղթեին»:

ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը Գյումրիի ընտրություններում երկու թեկնածու է առաջադրել՝ Ռուբեն Մխիթարյանը եւ Մարտուն Գրիգորյանը. «Իսկ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ Անդրանիկ Թևանյանով, «Եդինա Ռոսիա»-ով, ենթադրաբար հետո նաև Պերմյակովով այստեղ ինչ-որ ուրիշ թեկնածու ունի՝ Կարեն Սիմոնյանը, դե Վարդանիկն էլ մշտական Ռոբերտ Քոչարյանի ստորադասության ներքո է»:

Նա հերքեց, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը երբեւեէ եղել է ՀՀԿ-ական. «Դա Հանրապետականների պնդումն է, այդ հարցով Սարիկ Մինասյանը դիմել է դատարան ու շատ հատկանշական է, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է այդկերպ ձևացնել, թե ինքը կապ չունի Ռուբեն Մխիթարյանի ու Մարտուն Գրիգորյանի հետ ու ինչ-որ մեկին սևացնելու համար, ասում է՝ այ էս մարդը իմոնքական է եղել:

Օրինակ հիմա ՔՊ-ն, որ ուզենա ինչ-որ մեկին սևացնի, ցածրացնի, չի ասի՝ սա ՔՊ-ական է: ՀՀԿ-ն այդպես է անում, որովհետև հասկանում է, որ իր կուսակցությունը ինքնին որպես վատ պիտակ է օգտագործվում ու ճիշտ նպատակով էլ օգտագործում է»: