Ես մեկ-մեկ մտածում եմ, մամուլի հեքիաթային հրապարակումները վերցնել, մի հատ հեքիաթների ժողովածու տպել մեծահասակների համար ու վստահ եմ շատ լավ տիրաժավորում կունենան։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգել է տեղի բոլոր ՔՊ-ականներին ամեն ինչ անել, որպեսզի իրենց թեկնածուն անցնի, այլապես բոլորը ազատվելու են աշխատանքից և իրենց զբաղեցրած դիրքից։
«Սրանք քաղաքական ընտրություններ են, կուսակցության վարչության նախագահը բնականաբար, զբաղվում է նաև կուսակցության ընտրությունների կազմակերպմամբ և մնացածով: Այդ «ամեն կերպ» ասվածը Սերժին է բնորոշ, Քոչարյանին է բնորոշ, այդ ընտրակաշառքներին է բնորոշ: Արտուն Գրիգորյանը հիմա «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր է, չէ՞: «Պատիվ ունեմ»-ից հիմա դատված, դատարանի օրենքի ուժի մեջ մտած վճիռ կա ընտրակաշառք բաժանելու գործով: Քոչարյանի ժամանակվա ընտրությունները վստահ եմ՝ լավ եք հիշում, որ քվեատուփը կարող է վերցնեին, տանեին ուղղակի գցեին գետը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հիմա էլ վարչական ռեսուրս է կիրառվում, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Բա որ վարչական ռեսուրս ենք կիրառում, էդ ո՞նց է, որ պետական մի շարք հիմնարկների աշխատողներն ընդդիմադիրների թեկնածուների ցուցակներում են: Ասենք, Սերժի կամ Քոչարյանի տարիներին մի դասատու, մի դպրոցի տնօրեն կամ ինչ-որ մի հաստատության տնօրեն կմտներ ընդդիմադիր թեկնածուի ցուցա՞կ, ձեռ են առնո՞ւմ մեզ: Հիմա ազատություն է, ով որ ցուցակով ուզում՝ առաջադրվում է:
Վարչական ռեսուրսը ավելի հավանական է, որ իրենք կիրառեն այդ կոնտեքստով, որովհետև արժեհամակարգով, եթե մարդը մտնում է Սերժի կամ Քոչարյանի ցուցակ, այսինքն առնվազն ընտրակեղծարարության հետ այդքան անտագոնիզմ չունի որպես այդպիսին։
Էլ չեմ խոսում այն մասին, որ ինչքան գիտեմ, թեկնածուներից մեկը նույնիսկ իր մտերիմների շրջանում հայհոյանք է դնում իրեն չընտրելու պարագայի վրա: Այս հարցազրույցը նայող գյումրեցիները, վստահեցնում եմ ձեզ, գիտեն ում մասին եմ խոսում:
Սիրելի գյումրեցիներին ուզում եմ ասել որ այդ բոլոր հայհոյանքները դա ասողի ու արտաբերողի ճակատին դաջված է ու նրանց հայհոյանքը երբեք չի կարող ոչ մեկի արատավորել»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:











