Արդեն մենք տեսնում ենք, թե ինչ ձևով են իրենք աշխատում, ամբողջ Երևանը, նախկին և ներկա ղեկավարները միասին, իրենց գումարներն են բաժանում. այս անգամ ուրիշ ձև են բաժանում, իբր դուք աշխատում եք, աշխատանքի համար ձեզ գումար ենք տալիս: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Ասում են՝ Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկն անպայման դուրս կբերեք։ Ես կոչ եմ անում այն մարդկանց, որոնք այսօր պետական կառույցներում են աշխատում՝ դուք իմացեք, սրանք գնացել են, ես եմ գալու, խոսք եմ տալիս ձեզ, կտեսնեք, հետո ինձ ի՞նչ պատասխան կտաք: Եթե հոգեպես ուզում եք ինձ ընտրեք, չվախենաք, ես ձեր կողքը, ձեր թիկունքին կանգնած եմ, որ ձեզ ոչ ոք աշխատանքից չի ազատի: Գնացեք, խղճի մտոք ընտրություն արեք, դրանց ասածները առ ոչինչ է, իրենք ստիպում են ձեզ, որ հակաօրինական քայլ անեք: Այնտեղ կամերաներով բոլորը նկարվում են, եթե հանկարծ մի բան անեք, անպայման մենք իմանալու ենք, և դրանից հետո դուք կանգնելու եք դատարանի առջև: Չվախենաք, թիկունքներից կանգնած ենք, մինչև վերջ, գնացեք ըստ արժանվույն ընտրության»,-ասաց նա:
Հարցին՝ այսինքն կարծում է, որ քաղաքապետարան աշխատողներին ճնշո՞ւմ են, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ միայն քաղաքապետարանի, պետական կառույցների աշխատողներին, որոնց վրա այսօր ՔՊ-ն ունի լիազորություններ, աշխատանքի մեջ են, նրանց այդպիսի հանձնարարական են տվել։ ԱԱԾ-ն, իրենց բարեկամը, այնպես է աշխատում, մարդկանց կանչում է, սա էլ է խայտառակություն»:
Վբարդան Ղուկասյանը կոչ արեց ընդդիմադիր բոլոր թեկնածուներին՝ թող մեր և ձեր վստահված անձինք իրենց այնտեղ պաշտպանեն, իրար կողքի կանգնեն և ճշմարտության ջատագով լինեն:
«Եթե որեւէ մեկի վստահված անձը սկսեց կոնֆլիկտ սարքել մերոնց հետ կամ մյուսների հետ, ուրեմն իմացեք, որ դուք ՔՊ-ի գործակալներ եք: Դրանից հետո մենք անպայման ժողովրդին տեղյակ կպահենք, թե փոխանակ իրենք պայքարեն ՔՊ-ի դեմ, պայքարում են Ղուկասյան Վարդանի կամ որևիցե մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի դեմ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով տեսակետին, որ եթե ինքն ու Մարտուն Գրիգորյանը միավորվեն, Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ կունենա, հակառակ դեպքում շատ մեծ կասկածի տակ է դրվում, որ կլինի ընդդիմադիր քաղաքապետ, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես մի բան գիտեմ, որ 50+ ձայներ պիտի հավաքեմ։ Ես ոչ թե մեծամտությամբ եմ ասում, այլ ինչ որ արել եմ այս քաղաքի համար, ես սպասում եմ, որ ժողովուրդը իր խոսքը ասի։
Եթե այդպես չեղավ, հետագայում մենք ընդդիմական դաշտի հետ անպայման կաշխատենք։ Ով շատ ձայն է հավաքում, մնացածը կգան և կմիանան: Եթե իրենք ասեն, որ դու շատ ձայն ես հավաքել, բայց արի մեզ միացի, դա ծիծաղի առարկա է»:











