«Հայ մշակութային և գիտական ընկերակցության» անդամ Քրիստինե Առաքելյանը չի կարծում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին։

«Կարծում եմ՝ դա սխալ հաշվարկի արդյունք է։ Թրամփի վարչակազմն ամբողջությամբ կենտրոնացած է երկու առաջնահերթության վրա. առաջինը հակամարտության կարգավորումն է Ուկրաինայում, երկրորդը՝ Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքում էլ իր հերթին երկու հարց կա՝ մեկը՝ Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի հետ կապված, մյուսը՝ Իրանի»,– NEWS.am-ի հետ զրույցում նշել է նա։

Քրիստինե Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը պետք է փորձի տեղավորվել առկա առաջնահերթությունների դաշտում ու փաստարկի, որ իր հետ համագործակցելը կարող է նպաստել ԱՄՆ-ի առաջնահերթություններին։

«Օրինակ՝ Թրամփի վարչակազմը հիմա հնարավորություններ է փնտրում Իրանի հետ երկխոսելու համար։ Տեղեկություն տարածվեց, որ Պուտինը իրականում առաջարկել է Միացյալ Նահանգների կառավարությանը միջնորդել Իրանի հետ բանակցություններում։ Իրանի հետ բանակցությունները կարևոր են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը հավասարակշռելու համար, քանի որ Իսրայելը, ակնհայտորեն, փորձում է ներքաշել Միացյալ Նահանգները պատերազմի մեջ։ Հարց՝ իսկ ինչու՞ է Իրանի հետ բանակցություններում միջնորդ դառնալու առաջարկը գալիս Ռուսաստանից, և ոչ թե հենց Հայաստանից»,– նշեց նա։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, խոսելով հակամարտությունների կարգավորման ԱՄՆ ռազմավարության մասին, նշել էր , որ որեւէ հակամարտության Միացյալ Նահանգների միջնորդությունը նպատակահարմար չէ, եթե Վաշինգտոնը չի կարող ունենալ էական ազդեցություն։ Նա ասել էր, որ դա վերաբեում է նաեւ հայ–ադրբեջանական կոնֆլիկտին։

Քրիստինե Առաքելյանի կարծիքով՝ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունը պետք է մեկնաբանել Թրամփի վարչակազմի ընդհանուր փիլիսոփայության տեսանկյունից, որի համար գերակայությունը Միացյալ Նահանգներն է։

«Ուիթքոֆի ասածը շատ պարզ և հասկանալի է՝ ինչո՞ւ վտանգենք ԱՄՆ-ի հեղինակությունը մի տեղ, որտեղ չենք պատրաստվում ազդեցություն ունենալ։ Եթե հակադարձեի, կասեի հետևյալը՝ այո, կարևոր է, որ ԱՄՆ-ը ներգրավված լինի այնտեղ, որտեղ կարող է ռազմավարական ներգործություն ունենալ, բայց կարևոր է ներգրավվել նաև  այն  տարածաշրջաններում, որոնք առանցքային են ԱՄՆ ռազմաբարական շահերի տեսանկյուինց։ Հայաստանն առ այս պահը չի փաստարկել Միացյալ Նահանգներին, թե որն է իր կարևորությունը ԱՄՆ-ի համար Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում։ Թրամփի վարչակազմը ձգտում է անել այն, ինչն անվանում են Քիսինջերի ռազմավարություն, ուստի եկեք սկսենք Քիսինջերի հակադարձ ռազմավարություն, այն է՝ եկեք մեր հայացքն ուղղենք դեպի Ռուսաստան, որպեսզի թուլացնենք Չինաստանը: Հարցն այն է, թե ինչպես կարող է Հայաստանը լինել դրա կարևոր բաղադրիչը: Ադրբեջանն ու Թուրքիան միավորված են ընդդեմ Չինաստանի, որն այժմ վճռական դեր է ստանձնում Վրաստանում։ Այնպես որ, Հայաստանը պետք է զբաղվի այս հարցով և աշխատի ամերիկյան վարչակազմի հետ, ինչը, սակայն, մինչ օրս չի արվել։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն, օրինակ, առաջարկել է Միացյալ Նահանգներին դիտարկել հազվագյուտ հանածոների գործարք կնքելու հնարավորությունը։ Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի կառավարությունը չի առաջարկել ամերիկյան կառավարությանը հայացքն ուղղել դեպի Սյունիք ու համագործակցել հազվագյուտ հանածոների արդյունահանման ոլորտում, նաև դիտարկել Կենտրոնական Ասիայի հազվագյուտ հանածոները Հայաստանի տարածքով եվրոպական և ամերիկյան շուկաներ հասցնելու հնարավորությունը»,– ասաց նա։