«Մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդիկ չպետք է լինեն»։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Երբ խոսում եմ սոցիալական արդարությունից, դա նաև տնակներում ապրող մեր համաքաղաքացիներին է վերաբերում տնակներում ապրող մեր համաքաղաքացիներին, մեկընդմիշտ պետք է լուծել այս հարցը, ով եկավ՝ ասաց լուծելու ենք այս հարցը։ 30 տարի լուծում են այդ հարցը, այդպես էլ լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդիկ չպետք է լինեն»,–հավելեց Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշեց, որ ծրագիրն իրականացվելու է Սփյուռքի հետ համագործացկության շնորհիվ։

«Պետք է վերականգնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ, այնտեղ ապրում են մեր այն հայրենակիցները, որոնք 30 տարուց ավելի օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժն ու հնարավորությունները հիմա չօգտագործելը հիմարություն է։ Պնդում եմ, որ Գյումրու համայնքապետն այնպիսի մադր պիտի լինի, որը բանակցելու կարողություն ունենա։ Գնալու եմ այս մարդկանց խնդրելու եմ, համոզելու եմ։ Ես վստահ եմ, որ ճիշտ ծրագիր ունենալու պարագայում գտնելու ենք այն միջոցները, որպեսզի ազատվենք տնակային համակարգից»,–ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Նա նաև խոստացավ հետագայում տնակների ազատված տարածքները տրամադրել ներդրողներին՝ Գյումրիում արդյունաբերությունը զարգացնելու նպատակով։