Տիկին դատախազ, 44 00 90 23 գործի հետ կապված, որի քննության ընթացքում քննիչը հայտնաբերել է ինչ-որ բաներ էլեկտրոնային խուզարկության ժամանակ և տվել է համապատասխան հաղորդում 2024 թվականի նոյեմբերի վերջին, երբ հայտնի դեպքերն արդեն ընթացել էին, կարո՞ղ եք արդյոք մանրամասն ասել այդ գործի մասին, կամ ամենաքիչը խնդրում եմ ասեք, թե ե՞րբ է հարուցվել այդ գործը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հարց ուղղեց Հովիկ Աղազարյանը:
«Տեղյա՞կ եք, արդյոք, որ 2024-ի հունվարի 3-ին ես Արաբկիր ոստիկանություն բաժանմունքում հաղորդում եմ տվել Ձեր այս միջնորդության մեջ նշված Արամի, Գոհարի և Հայկ Նազարյանի և էլի մի երկու ֆիգուրների հետ կապված որոշ ընթացակարգերից հետո, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել, տեղյա՞կ եք այդ մասին, թե տեղյակ չեք:
Եվ երրորդ հարցս՝ երբ որ մի դրվագով գործից գործ եք անջատում և ուղարկում եք դատախազություն, արդյոք չի խախտվո՞ւմ իմ պաշտպանվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործի մի մասը վերցնում եք և ուղարկում եք դատարան, այդ մարդը՝ Աշոտիկ Կամավոսյանը, որին առաջին անգամ առերեսման ժամանակ եմ տեսել, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ՝ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ պրծնի այս ամեն տանջանքից և դատարանի որոշումը լինի, որ ինքը կաշառք է առաջարկել, բա իմ պաշտպանվելու իրավունքը որտե՞ղ մնաց, տիկին դատախազ»,- հարցրեց Հովիկ Աղազարյանը։
Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ իհարկե, տեղյակ են Արաբկիրում ներկայացրած հաղորդումից, որի մասին տեսագրություններում նշում է նաև Արամ Մկրտչյանը, որտեղ Աղազարյանին մեղադրում է և ասում է՝ Ձեզ չթվա, որ ով առաջինը գնաց կոմիտե, հաղորդում տվեց, նա ճիշտ է։
Վարդապետյանը նաև նշեց, թե Աշոտիկ Կամավոսյանն իր վրա ճնշումների մասին բարձրաձայնում չի արել։
Աղազարյանը հիշեցրեց, թե իր գործը քննվել է 2024 թվականից, իսկ դատախազություն է ուղարկվել 2024 թվականի վերջին (ակնարկելով մանդատը դնելու Փաշինյանի խնդրանքը) և արդյոք այդտեղ կապ չի տեսնում, ինչպես նաև նշեց, որ Արամ Մկրտչյանը լքել է երկիրը և իր ցուցմունքները տեսագրությամբ է ուղարկել։
Վարդապետյանն ասաց, թե ոչ մի անգամ Աղազարյանն իր ցուցմուններում չի հերքում, որ գումար է ստացել։











