Մենք ընդհանրապես փակ գաղտնի քվեարկություններին չենք մասնակցում, այս դեպքը բացառություն ևս չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մասնակցելու են Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը եւ ինչպես են քվեարկելու:
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, նա ասաց. «Մենք Տարոն Մարգարյանի դեպքում անսալու ենք իր կոչին: Տարոն Մարգարյանը կոչ էր արել «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններին չմասնակցել այն բեմադրությանը, որը տեղի է ունենալու։
Հովիկ Աղազարյանի դեպքում, քանի որ ինքը մասնակցում էր և այդ հարցերը հնչելու էին ու ինքը խոսելու էր, այս դեպքում արդեն մենք մասնակցում ենք»:
Նա համոզմունք հայտնեց, որ գլխավոր դատախազը կդրսևորի կանխատեսելի վարքագիծ և ոչինչ չի անի Հովիկ Աղազարյանի բարձրաձայնած դեպքի առնչությամբ. «Ինչպես արել է, օրինակ, Աշոտ Սիմոնյանի դեպքում, երբ շուրջ 40 կարմիր բերետավորներ հարձակվել են, ֆիզիկական ուժ, բռնություն են գործադրել և դրա տեսանյութերը կան:
Ընդհանրապես ընդդիմադիրների դեպքում որևէ հանցանքների դեպքում ունեք տոտալ անգործություն: Կարծում եմ այս դեպքը բացառություն չի լինի, թեեւ Հովիկ Աղազրյանին ընդդիմադիր չեմ համարում: Իշխանության շահերից չի բխում, եթե դատախազը Աղազարյանի հայտարարությանը ընթացք տա։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Ամբիոնից հարցին ի պատասխան՝ ձեր նկատմամբ գործադրվե՞լ են ճնշումներ, մանդատը վայր դնելու համար, Հովիկ Աղազարյանը ուղղակի ասեց՝ այո: Անգամ մի քիչ փակագծեր բացեց, թե ո՞ր դրվագով, նաև կառույցի անուն հնչեց այդտեղ: Էլ ավելի մանրամասն ի՞նչ է պետք դատախազին գործ հարուցելու համար։
Իհարկե, սրա մասին նաև հրապարակային հայտարարություն եղել էր, բայց ես ուզում էի, որ այդ հայտարարությունները հնչեն դատախազի առջև, որպեսզի ժողովրդական լեզվով ասած՝ «կրուտիտի» տեղը այլևս չլինի: Ես սպասելիք չունեմ, որ դրանք կունենան հետևանք»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:











