Փաստորեն, երբեմնի ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Հովիկ Աղազարյանը, համարձակվել է չկատարել շեֆի հրահանգը, դրա համար էլ իր դեմ այս գործընթացը սկսվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Հիմա մեզ ի՞նչ են ուզում բացատրել, որ Հովիկ Աղազարյանը այս թիմի ամենամեծ հանցագո՞րծն է: Հովիկ Աղազարյանին մնացած ՔՊ-ականներից առանձնացնում է մի դրվագ՝ SMS-ին դրական չի պատասխանել, դրա համար էլ տեղի է ունենում այն, ինչ որ տեղի է ունենում: Սա այն մասին չէ՝ Հովիկ Աղազարյանը հանցանք գործել է, թե ոչ: Գուցե գործել է, գուցե չի գործել, սա այն մասին է, որ ենթադրյալ հանցանքի մասին խոսում են այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին հրահանգները չեն կատարվում:

Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ո՞նց են հաշտ այս  ամեն ինչի հետ: Այսինքն ո՞նց կարելի է, քանի դեռ հնազանդ են, SMS-ներին դրական են պատասխանում, քրեական գործերը չկան, հենց SMS-ին համարձակվում են ոչ ասել, մեկ էլ քրեական գործեր են հարուցվում»:

Նա հիշեցրեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ նա ասել էր՝ «Պիտի գործադրենք բոլոր հնարավոր միջոցները մանդատը վայրի դնելու համար»:

«Եթե մենք հույս ունենանք, որ ՀՀ-ում արդար դատաքննություն է իրականացվում, պետք է իրոք դատարաններին վստահել, որ ի վերջո պարզեն ամեն բան, բայց մենք ունենք ձայնագրությունները՝ ինչպես են ուղիղ հրահանգավորվում պաշտոնյաները: Մենք ունենք փաստը, որ ԲԴԽ նախագահը ասում է՝ ես եմ հրաժարական տալիս, Փաշինյանն ասում է՝ ինքը ո՞վ է, որ հրաժարական տա, ես եմ ասել, որ պաշտոնից հեռանա: Ունենք չհերկված փաստեր, որ Արգիշտի Քյարամյանին, Հովիկ Աղազարյանին SMS-ներ են ուղարկվել»,- հայտարարեց Վարդանյանը:

Անդրադառնալով լուրերին, որ ՔՊ-ականներին հրահանգվել է լուսանկարել և ուղարկել Նիկոլ Փաշինյանին իրենց քվեաթերթիկը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բա ի՞նչ պիտի անեին, ասենք ո՞նց պիտի անեն: Հիմա թող ապացուցեն, որ իրենց մեջ ժողովրդավարություն է: Թող տարբեր քվեարկություններ լինի, ու հետևանք չունենան այդ տարբեր քվեարկությունները, կարո՞ղ է այդպիսի բան լինել:

Ինչու՞ ենք այս դրվագի վրա այսքան շեշտադրում անում, որովհետև սա ամբողջությամբ ցույց է տալիս իրենց թիմի արժեհամակարգը։ Հասկանու՞մ եք, մարդու անձնական զրույցները վերցրել են, ոնց հասկացա՝ տպել են կամ չգիտեմ ինչ այլ ձևերով բաժանել են խմբի 10-ից ավելի անդամներին, կարդացել են, քննարկել են, հետո դուրս են եկել, դրա մասին հայտարարություններ են արել:

Պատկերացնո՞ւմ եք, սա իրենց թիմակցի նկատմամբ են արել, մյուս թիմակիցները ո՞նց են հանգիստ, որ իրենց նկատմամբ սա չի լինի, իսկ ոչ թիմակիցները, թող պատկերացնեն իրենց հետ ինչ են անում»: