ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը պնդում է՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից ենթարկվում է շատ լուրջ ճնշումների։
«Իմ հեռախոսը քննիչը վերցրեց, եթե պետական անվտանգության հետ կապված որևէ խնդրին առնչվող ինչ-որ բան կհայտնաբերեն իմ գրպանից, անկողնուց, էլ չգիտեմ՝ իմ որտեղից, ես խնդիր չունեմ, ես OK եմ, բայց եթե իմ հեռախոսը վերցնում են ու կարդում իմ ու որևէ մեկի՝ տղամարդ, թե կին, անձնական նամակագրությունը ու սպառնում են, թե «կտանք Ձեր կնոջը, կտանք Ձեր տղաներին, կհրապարակենք»․․․ ե՞ս եմ ավելի անբարոյական, թե՞ դա անողները»,-ԱԺ-ում այսօր՝ մարտի 26-ին, հայտարարեց Հովիկ Աղազարյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ:
«Եթե ես իմանայի, որ իմ նախկին գործընկերներին այնպիսի վիճակի մեջ կդնեմ, որ իրենք այդքան կիջնեն, որ կկարդան իմ անձնական նամակագրությունն ու ինձ անբարոյական կասեն, ես, առանց վարչապետի խնդրանքի, մանդատից կհրաժարվեի»,- ընդգծեց նա:
Աղազարյանն նաև հայտարարեց, որ էլի է ճնշումների ենթարկվել, որոնց մասին նպատակահարմար չի համարում հրապարակային խոսել։











