Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված հրադադարը խախտելու մեղադրանքները բացարձակապես անհիմն էին և ՊՆ-ն դրանք հերքել է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատելով, որ վերջին օրերին այդ մեղադրանքները դադարել են:

«Չկրկնեմ նաև, որ բազմաթիվ առաջարկներ են արվել այս ամիսների և տարիների ընթացքում ադրբեջանական կողմի սահմանային խախտումների հետաքննման վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծելու, ռազմական փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մասին և այլն, որոնք ըստ էության համապատասխան են թողնվել։

Իսկ ընդհանրապես խաղաղության գործընթացի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալն է, որ կա համաձայնեցված տեքստ, այն պատրաստ է ստորագրման և մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանի բացը հմաձայնագրի տեքստից նաև լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում, ինչպիսիք են, օրինակ Հայաստանի ապառազմականացումը, փախստականների հետ վերադարձը, սահմանադրության փոփոխությունը, Ռուբինյանն ասաց, որ դրանք լեգիտիմ պահանջներ չեն: Բոլոր պահանջների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»:

Հիշեցմանը, որ համաձայնագրի վերջին երկու կետերի վերաբերյալ էլ Հայաստանը դեմ էր, բայց ի վերջո, զիջեց, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ինչպես գիտեք, երկար ամիսներ և տարիներ բանակցություններ են գնացել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և վերջում եկել էինք մի հանգրվանի, որ մնացել էր երկու հոդված համաձայնեցնել, և այդ երկու հոդվածները համաձայնեցվել են։

Ինչու՞ եք դուք ադրբեջանական կողմից իմացել, որովհետեւ երբ որ տեքստը համաձայնեցվել է, Հայաստանի ԱԳՆ-ն առաջարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ին  համատեղ հայտարարությամբ հանդես գալ տեքստի համաձայնեցված լինելու փաստի վերաբերյալ, բայց ադրբեջանական կողմը նախընտրել է միակողմանի հայտարարություն անել»:

Հարցին՝ միջազգայնորեն կա պրակտիկա, որ օրինակ մի կողմը ստորագրի պայմանագիրը եւ այն իրավական ուժ ունենա, Ռուբինյանը պատասխանեց. «Ձեր հարցը համարում եմ անիմաստ, որովհետև դուք հարցը տալուց հավանաբար ակնարկում եք, որ հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի ստորագրել պայմանագիրը, ինչը այդպես չէ, և դա հերքվել է: Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ ինքը պատրաստ է միակողմանի  կերպով ստորագրել պայմանագիրը։ Նա ասել է, որ կա համախաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ և ինքը պատրաստ է ստորագրել այն։