«2018 թվականից սկսած մեր հայրենակիցները տարբեր խոստումներ են լսում, որոնք չեն կատարվում։ Արհավիրք եք բերել մեր ժողովրդի գլխին։ Հետո ընտրությունների եք գնացել ծրագրով, որ պիտի Շուշին ու Հադրութը դեօկուպացնեք։ Արցախը այս պահին գոյություն չունի քիչ չի, մի հատ էլ գալիս հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Հիմա նորից ընտրություններ կլինեն, կգնաք կմանիպուլացնեք, տարբեր բաներ կասեք, կխոսաք, էլի կխաբեք»։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ վերաբերում է մեր սահմաններին, Տեղ գյուղի օրինակն ամենացցուն է, երբ սահմանապահ զորքերը և ՊՆ–ն իրարից տեղյակ չէին, դուք դա լավ գիտեք։ Մեղավորությունը ընդդիմության վրա գցելու լոգիկան չեմ հասկանում։ Դուք ձեր մեջ չեք կարողանում հասկանալ՝ աջ ձեռքը որտեղ ա, ձախը՝ որտեղ։ Դրա պատասխանատվությունը դուք եք կրում։ Հերիք է մեզ սովորեցնեք՝ ինչ ուտել, հագնել, քշել, հոգնել ենք արդեն դրանից։ Դուք արդեն հասել եք նրան, որ մի երկու նիստ հետո կարող է Կաթողիկոսի պարտականություններն էլ ձեզ վրա վերցնեք»,–հավելեց Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյանի հարցին՝ ի՞նչ փուլում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Հոգնածների համար մի պրոցեդուրա կա, հոգնա՞ծ եք, հանգստացե՛ք։ Եթե հոգնել եք ինձնից. ինչի՞ եք հարց տալիս, հարց մի՛ տվեք, որ ավելի չհոգնեք։ Ձեր հարցի այն հատվածներին, որոնց տասնյակ անգամ անդրադարձել ենք, չեմ կարծում, որ անդրադառնալու կարիք կա։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, հանձնաժողովներն աշխատում են, հայտարարություններն արել են։ Եթե նոր բան կլինի հրապարակելու, կհրապարակեն»։

Գառնիկ Դանիելյանը մեջբերեց Նիկոլ Փաշինայնի խոսքն այն մասին, որ եթե ժողովուրդը ցանականա, կհեռացնի իրեն վարչապետի պաշտոնից։

«Ես համոզված եմ, որ փողոցում 100 հազար մարդ էլ լինի, դուք գնացող չեք»,–ասաց Դանիելյանը։