Շաքարային դիաբետ ունեցող երեխաների երկու տասնյակ ծնողներ այսօր՝ մարտի 26-ին, հանդիպում են ունեցել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Հանդիպման մասնակից ծնողերի կարծիքները քննարկման վերաբերյալ տարբեր են.
«Հարցեր կային, որոնք հասկացանք, բայց հարցեր կան, որոնք այդպես էլ ինձ համար անհասկանալի մնացին։ Ես օրինակ, երեխայիս թոշակի համար էի եկել, այդպես էլ բան չհասկացա։ Մենակ հասկացա, որ ծրագիր է լինելու, որ 18 տարին լրացած երեխաները գոնե 3 օր կարողանան հիվանդանոց պառկել, գոհ կլինեմ, եթե գոնե դա անեն»,–հանդիպման ավարտին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ալինա Աղաջանյանը, որի դուստրը նույնպես շաքարային դիաբետ ունի։
Ծնողներից մեկը նշեց, որ վերջին շրջանում դեղորայքի հետ կապված խնդիր կար, քիչ քանակությամբ էին ստանում, սակայն այս պահին այդ խնդիրը լուծված է։
«Մարզից ամեն շաբաթ Երևան հասնելն ու մեկ սրվակ դեղը վերցնելը խնդիր էր։ Հիմա արդեն խնդիրը կարգավորվել է, դեղերը լիարժեք են տալիս»,–նշեց ծնողներից մեկը։
Դիաբետ ունեցող երեխաներից մեկի մայրը՝ Լիանա Վանեսյանը նշեց, որ Անահիտ Ավանեսյանը խոստացել է մոտակա ժամանակներում լուծել տրամադրվող թեստերիզների քանակի ավելացման հարցը։
«Նաև ասաց, որ 2026 թվականից մինչև 18 տարեկան երեխաներին նաև սենսորներ կտրամադրեն»,–հավելեց նա։
Հանդիպման մասնակիցներից մեկն էլ՝ Նինա Դանիելյանը նշեց, որ նախարարների հետ քննարկել, որ 28 տարին լրացած անձինք շարունակեն նույն դեղորայքը ստանալ, որն իրենք ավելի որակյալ են համարում։
«Հույս ունենք, որ մեր հարցը լսել են, քննարկել են, ու քննարկումն արդյունք կտա։ Ասացին, որ ծրագիր կիրականցնեն։ Գոհ ենք որ քննարկել են, բայց լիարժեք գոհ կլինենք այն դեպքում, երբ վստահ լինենք, որ մեր խնդիրները լուծվել են»,–ասաց նա։











