Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած բանավեճ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նա հոգեկան առողջության տեղեկանք ներկայացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում վարչապետի երեկվա հայտարարությունները։

«Ես գնահատել եմ (Փաշինյանի առաջարկը՝ բանավեճ անցկացնելու մասին -խմբ.) 2021թ., ես այն ժամանակ ասացի, որ մինչ բանավեճը պետք է կլինիկայից տեղեկանք ներկայացնի, որ հիվանդ չէ, միայն դրանից հետո արժե որոշել՝ արժե՞ ընդհանրապես նրա հետ խոսել, թե՞ ոչ։ Մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի եւ երկիր է ղեկավարում։ Առանց նրա հոգեկան առողջության հաստատման ցանկացած բանավեճ նրա հետ անիմաստ եմ համարում»,- նշել է Սաղաթելյանը։

Պատասխանելով հարցին, որ չնայած ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը համաձայնեցված է, Բաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել, պատգամավորն ընդգծել է. Փաշինյանը խեղաթյուրեց ողջ բանակցային գործընթացը։

«ԱԳՆ ղեկավարը, այսպես կոչված վարչապետը հայտարարում են տեքստի համաձայնեցման գործընթացի ավարտի մասին, իսկ բառացիորեն մի քանի րոպե անց Ալիեւը թելադրում է նոր պայմաններ, խոսում զրոյական վստահության մասին բանավոր խոստումների նկատմամբ եւ պահանջում, որ դրանք գրավոր ամրագրվեն փաստաթղթում։ Դրանից մեկ ժամ առաջ (Փաշինյանը) խոսել էր գործընթացի ավարտի եւ ԼՂ խնդրի մասին... Ես բազմիցս ասել եմ, որ խաղաղության մասին խոսք չկա, սա էլ ավելի խոր կապիտուլյացիա է, եւ Ադրբեջանը չի էլ համաձայնում դա ստորագրել։ Այո, (Փաշինյանի) բոլոր հարձակումները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով եւ ներքաղաքական գործընթացներով»,- կարծում է պատգամավորը։