Խուզարկությունների վերաբերյալ այս պահին չունեմ տվյալ, տեղյակ եմ, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելենք, կհասկանանք որտեղ ինչ կա։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա հայտարարեց, որ այս գործողությունների պատճառն այն է, որ երկու օրից Գյումրիում ընտրություններ են լինելու. «Հասկանում են, որ այս ընտրություններում շանսեր չեն ունենալու: Իրենք միամիտ մարդիկ չեն, լուրջ ծառայություններ ունեն, ԱԱԾ, որը տարբեր հարցումներ է իրականացնում, տարբեր արդյունքներ է արձանագրում: Այդ բոլորը տեսնում են ու փորձում են ճնշել: Վանաձորում այդպես չէ՞ր։
Ամբողջ հարցն այն է, որ այս ձերբակալություններով իրենք էլ գիտեն, որ ոչնչի չեն հասնելու: Լկտիության աստիճանը այնտեղ է հասել, որ արդեն հորը ձերբակալման որոշում են կայացրել: Երեւի հասկացել են, որ Մարտուն Գրիգորյանին ձերբակալելով ոչ մի բանի չեն հասնելու, որոշել են ընտանիքի անդամների միջոցով փորձեն ճնշել»,- ընդգծեց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր. «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»:











