Ես ընդհանրապես 1996 թվականից մինչև այսօր ոչ մի բանավեճի չեմ մասնակցել. այդպես է իմ հոգիս ինձ թելադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ։, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չմասնակցեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ բանավեճին:

Նա նշեց, որ այդ բանավեճից իր տպավորությունը բացասական էր. «Չէի ասի, որ ինչ-որ մի բան տվեց քաղաքի բնակչության, ուղղակի աղմուկ էր, չէին թողնում մարդիկ իրենց կարծիքը հայտնեին, իրենց ծրագրերը կիսատ էր մնում: Հետո ինձ հետաքրքիր է, թե ընդհանրապես ով ինչ ծրագիր ունի, մեկը մեկին անպատվելը ինձ չի հետաքրքրում:

Ես ուզում էի տեսնել, թե ի՞նչ են ուզում ընդհանրապես քաղաքից, որ գալիս են, ի՞նչ պիտի անեն: Ուզում եմ բոլորի բերանից լսել քաղաքի զարգացման ծրագրերը, բայց ես չտեսա դա»,-ասաց նա:

Անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինքի կողմից առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ով նշել էր, որ հենց Վարդան Ղուկասյանի անունը տվեց, իշխանությունները եկավ իր որդուն և հորը ձերբակալեց, խուզարկություններ իրականացրեց, և այս ամենը բացատրում է նրանով, որ իշխանությունը ձեզ այսպես ուռճացնում է և ձեր միջոցով ուզում է քաղաքը տանել, Վարդան Ղուկասյանն ասաց.

«Ճիշտն ասած, դրան սպասում էի, որ այդպիսի բան պիտի ասի։ Ես երբ իմացա, որ իրենց տունը խուզարկում են, իմ ավագանիներից երեք հոգու արագ կարգով ուղարկեցի և ասեցի, որ մենք սատարում ենք, ասեք, որ Ղուկասյան Վարդանը դատապարտում է տեղի ունեցածը: Ընդհուպ հայտարարություն արվեց Կոմունիստական կուսակցության և իմ կողմից:

ՔՊ-ն ինձ, իմ տղուն օդի մեջ տարան, բանտարկեցին, հետո արդարացրեցին։ Այսքան իմ վրա գործեր են հարուցել, ես ո՞նց կարող եմ այս դավաճանների հետ ճանապարհ գնալ։

Ճիշտ ասած սպասում էի, որ եթե Մարտուն Գրիգորյանն իր թեկնածությունը դրեց, մի բան պիտի այստեղ ստացվի: Ասենք Երևանից Սերժ Սարգսյանը մի բան պիտի սարքի անպայման, ինքը չի կարող հանգիստ մնալ»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

 Նա դիմելով Մարտուն Գրիգորյանին, ասաց. «Աստված թող ավելի շատ իմացություն տա քեզ, ավելի շատ խելք ու շնորհք տա։ Ես կարող եմ ձեռքս դնել Ավետարանի վրա ու երդվել, որ ես մաքուր եմ, ոչ մեկը չկա իմ հետևից, ոչ մեկից օգնություն չեմ խնդրել և ոչ մեկի հետ այս պահին ես կապ չունեմ:

Այո, ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց դու դա էլ չես ասում, թե ում թեկնածուն ես, որտեղից ես եկել, ի՞նչ ես անում»: