Իմ եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ լարվածությունը սարքել է Երեւանը. դիտավորյալ սարքել են «բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը:

«Տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք, Մարտուն Գրիգորյանի հորեղբայրները իմ լավ ընկերներն են, լավ եղբայրներն են, հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում, և մինչև այսօր ինչ որ երկրում լինում է, սարքում են: Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան է և Ադրբեջանն է»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն կարող են ունեզրկել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ով որ թալան արել է, թող գնան, ունեզրկեն: Երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն: Ցավոք սրտի տեսնում ենք՝ երկրի 90% քաղաքապետերի վրա գործ են հարուցում, ոնց որ քավության նոխազը լինեն քաղաքապետերը:

Մենք  բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես գումար ունեի: Ես որ Սովետական Միության ժամանակ հինգ հատ մեքենա ունեի, ամեն ինչ ունեի, գուլպա-նասկեղենի կոոպերատիվ ունեի, հացի գործարաններ ունեի»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ քվեարկելու է նրա համար, որ «Գյումրին ապագա ունենա, հավատք ունենա»: