Մերձավանի կրակոցների հետ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը կապ չի ունեցել, դա նաեւ նախաքննությունն է պարզել, ավելին՝ դրա մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը գտնվում է Փարաքարում՝ ՔՊ գրասենյակի մոտ:

«Ավելին, եթե պարոն Գյուլնազարյանը չլիներ ՔՊ կուսակցությունից, էդ բարոյական արժեքները չկրեր իր մեջ, հրաժարական չէր տա: Խի դուք կասկածո՞ւմ եք, որ ինքը ընդդիմադիր լիներ, հրաժարական կտար, քանի ընդդիմադիր կլիներ, որ այդ պատճառով հրաժարական է տվել»,- ասաց նա:

Դիտարկմանը թե Գյուլնազարյանը քաղաքականությունից դուրս չի եկել, ավելին, նորից թեկնածություն է առաջադրել, Խուդաթյանը զարմացավ՝ նշելով, թե ինչու պետք է Գյուլնազարյանը դուրս գար քաղաքականութունից:

«Ի՞նչ եք ուզում, որ մարդը քաղաքականությունից դուրս գա՞: Մեզ տեւական ժամանակ ասում են՝ ոչ թե հրաժարական տանք, այլ դուրս գանք քաղաքականությունից»,-ասաց նա: