ԱԺ պատգամավորն իրավունք ունի գտնվել ցանկացած վայրում, ես եկել եմ իմ գործընկերներին հանդիպելու և սեփական աչքով համոզվելու ընտրությունների կազմակերպման գործընթացը վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով այցելել էր Փարաքար համայնքում ՔՊ-ի գրասենյակ:
«Ես անհանգստացնող բան չունեմ, միայն այն է անհանգստացնող, որ ես թույլատրելի տեղում եմ, և դուք բոլորիդ նկարում եք առանց իմ համաձայնության»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Փարաքարում ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտնվեց կրիմինալի կիզակետում, հրաժարական տվեց, հիմա նորից է առաջադրվել, Վարդանյանը նախ նշեց, որ չի կարող պատասխանել նման հարցադրումների, քանի դեռ չկա օրենքի ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ. «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրությունները չի կարել մասնակցել անձ, որը դատարանի դատավճռով դատապարտված է: Փորձել այսօր ընտրությունների ժամանակ բարձրացնել հարցեր, որոնք գտնվում են ենթադրությունների կամ հանրային քրեական հետապնդման շրջանակներում, իմ կարծիքով, էլ կոռեկտ չի»:
Ինչ վեաբերում է ընտրախախտումներին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «ԱԺ-ում ոչ ես, ոչ որեւէ մեկը խախտումներ արձանագրելու իրավասություն չունի: Ընտրություններ առանց որևիցե առանձնման որևիցե ժողովրդավարական երկրում չեն լինում։ Ընտրական գործընթացը բավականին բարդ գործընթաց է և խախտումներ տեղի են ունենում բոլոր երկրներում:
Ես խախտումներին չեմ հետևել, խախտումների վերաբերյալ հաղորդումներին եմ հետևել: Այսինքն եթե անձինք ահազանգում են այս կամ այն առերևույթ խախտման վերաբերյալ, դա պարզապես ահազանգ է, որ պետք է դեռ հաստատվի պատկան մարմինների կողմից»:
Դիտարկմանը, որ ՔՊ-ի շատ աջակիցների, պաշտոնյաների տեսել են ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տանը, դուք ևս գնալո՞ւ եք, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես շատ անկեղծ ձեզ պետք է ասեմ, ես պարոն Գյուլնազարյանի տան տեղը չգիտեմ։ Եթե կան կուտակումներ ապա պետական մարմինները պետք է առաջնորդեն ոչ թե իմ կամ ձեր ցանկություններով, այլ օրենքով: Ես անձամբ տուն այցելել չեմ նախատեսում, ես նախատեսում եմ այցելել շտաբ, հասկանալ ընդհանուր իրավիճակը, հասկանալ ինչ կարգի գուցե նաև օրենսդրական խնդիրներ կան, որ շտկման կարիք կունենան»:











