«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահի դրությամբ չի կարողանա միանձնյա իշխանություն ձևավորել Գյումրիում։ Այս մասին քիչ առաջ իշխող կուսակցության Գյումրիի նախընտրական շտաբի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

«Գյումրիում կայացած ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեր թեկնածուն՝ երկու ամիս համայնքի պաշտոնակատար աշխատած Սարիկ Մինասյանը, երկու անգամ ավելի ձայն է ստացել 10 տարի Գյումրին ղեկավարած թեկնածուից՝ Վարդան Ղուկասյանից»,- ասել է Ղալումյանը։ 

Հարցին, թե ինչու գյումրեցիներն այնքան ձայն չտվեցին, որպեսզի իշխող ուժը կարողանա միայնակ ստանձնել քաղաքի կառավարումը, իշխանական պատգամավորը չի պատասխանել՝ ասելով, որ այդ հարցը բնակիչներին է պետք տալ։

«Քաղաքական 9 ուժ է մասնակցել ընտրություններին, ընթացքին հետևել եք՝ բարդ ընտրություններ էին, և եթե երկու ամիս քաղաքապետի պաշտոնակատար աշխատած մարդու գլխավորությամբ ՔՊ-ն գրեթե 40 տոկոս ձայն է հավաքել, չի կարելի դա պարտություն համարել»,- ասել է պատգամավորը։

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք «50+1» տոկոս ձայն չստանալու պատճառն իշխանության ցածր վարկանիշն է, Ղալումյանը բացասական պատասխան է տվել։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները, որտեղ իշխող կուսակցությունը պարտվել է, Ղալումյանը չի մեկնաբանել՝ ասելով, որ որևէ տեղեկություն չունի այդ մասին։