Իմ միջոցով ՔՊ-ն ո՞նց պետք է վերարտադրվի, կարո՞ղ եք ասել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Մարտուն Գրիգորյանը հայտարարությունից բացի, որ պատրաստ է միանալ ընդդիմադիրներին, ասել էր՝ մտավախություն կա, որ կարող է Ղուկասյանն աջակցի ՔՊ-ին՝ վերարտադրվել։
Իսկ դիտարկմանը, թե Վանաձորի օրինակով՝ իր դեմ էլ քրեական գործեր կհարուցեն ու այդ կերպ կճնշեն՝ Ղուկասյանն արձագանքեց, որ իրեն, ըստ էության, չեն կարող որևէ բանում մեղադրել, իսկ «այդ քրեական գործերը, որ առաջադրում են, այնպիսին ինչպիսին ներկայացվում են, չկան»:
«Միանշանակ նման բան չի կարող լինել, որ ինձ վախեցնեն, որ քաղաքապետին կդատեն, և քաղաքապետը կգնա գործարքի ու ՔՊ-ի հետ պայմանավորվածություն ձեռք կբերի։ Ես երբեք իրենց հետ պայմանավորվածություն ձեռք չեմ բերի։ Ինչ ուզում է՝ անեն, կանգնած տեղը թեկուզ շառով էլ տան, ես ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, չքննարկեք այդ հարցը»։
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:











