«Եռաբլուր» զինվորական պանթեոնում պոկել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակի ժապավենները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հատկանշական է, որ Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ էր դրվել նաեւ Պաշտպանության նախարարության անունից, սակայն միայն Սերժ Սարգսյանի անունից դրված ծաղկեպսակի վրայից էին պոկվել ժապավենները:
NEWS.am-ի թղթակիցը փորձել է տղում պարզել, թե ովքեր են դրանք պոկել, փորձել է նաեւ, թե արդյոք հնարավոր է տեսախցիկներով պարզել եղելությունը, սակայն «Եռաբլուրի» տարածքում ծառայություն իրականացնող աշխատակիցները նշել են, որ տեսագրությունը չեն կարող այդ պահին նայել, բայց վստահեցրել են, որ սովարաբար ժապավենները տանում են հենց այն մարդիկ, որոնք ծաղկեպսակը տեղադրում են, որպեսզի ուրիշները չնետեն մի կողմ:
ՀՀԿ-ից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ այն անձինք, որոնք տեղադրել են ծաղկեպսակը, իրենք չեն պոկել ժապավենը:











