Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչները բողոքում են՝ Վեդիի ջրօգտագործողների ընկերության աշխատանքի հետևանքով այգիների մեծ մասը, մասնավորապես ծաղկած կեռասենիները և սալորենիները հեղեղվել են։

«Ջրառը որոշել է, որ կանալ պետք է մաքրի, այնքան ջուր են թողել, որ շլուզները չեն կարողացել այդքան ջուր պահեն ու սաղ ծաղկած դաշտերը արել են հեղեղ։ Ամեն տարի այս նույն սեզոնին այս պատմությունը կրկնվում է, ում զանգում ենք, ոնց փորձում ենք հասկանալ՝ խի են այսպես անում, ոչ մեկ պատասխանատվություն չի փորձում կրել։ Գիլասանոցն ու շլորի այգին սաղ ավիրվել է, ում զանգում եմ, ոչ մեկ չի փորձում պատասխանատվություն կրի, ոչ մեկ տեղյակ չի, թե ինչու է այսպես եղել։ 99 տոկոսով ամբողջ բերքը թափվելու է, ծաղկավիժում կլինի ու ամեն ինչ կվերջանա»,- ասաց տուժած բնակիչներից մեկը։

Վեդիի բնակիչներից մեկ ուրիշն էլ ասաց, որ սա իրենց ապրուստի միակ միջոցն է, և հիմա լուրջ խնդիրների առաջ են կանգնելու․

«Վարկեր ենք վերցրել, այգին մշակել, սրկսումներ արել և այլն։ Սպասում էինք ծաղիկը թափվեր, որ նոր ջրեինք, բայց հիմա ամբողջն ավիրվեց, ու ոչ մեկ պատասխանատվություն չի ուզում կրել։ Անգամ բնակիչներ կան, որ այգիներից բացի նաև տան նկուղներ է ջուրը լցվել»։

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել Վեդի ջրօգտագործողների ընկերություն, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում