Այսօր ֆինանսական զեղծարարություններից տուժած քաղաքացիներն ու նրանց աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Inecobank-ի գլխամասի մոտ։

«2023 թվականին կիբերհանցագործության զոհ եմ դարձել։ List.am կայքով փորձել եմ մանկասայլակ վաճառել, հղում եմ ստացել, որ կանխավճարը ստանամ, ընդամենը մուտք եմ գործել հղումով և մի քանի րոպեի ընթացքում բանկից 1 մլն 300 հազար դրամի վարկ են ձևակերպել՝ առանց որևէ ծանուցման»,–լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ միայն գումարի կանխիկացումից րոպեներ անց է բանկից զանգ ստացել և տեղեկացել կատարվածի մասին։ Բողոքի ակցիայի մասնակիցը պատմեց, որ երկու տարի առաջ է քրեական վարույթ նախաձեռնվել, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել։

«Բոլոր մարմիններին դիմել եմ, արձագանք չեմ ստացել, բանկն էլ անընդհատ գումար է պահանջում, արգելանքներ է դրել, հարկադիրում եմ հայտնվել։ Անընդհատ բանկից զանգեր եմ ստանում, հորդորում են գումարը վճարել, իսկ ինչու՞ ինձ պատշաճ կերպով տեղյակ չեն պահել, որ իմ անունով վարկ է ձևակերպվում, գումարը կանխիկացնելուց հետո են միայն զանգել։ Չեմ պատրաստվում վճարել, ում տվել են գումարը, թո՛ղ նա էլ վճարի։ Իմ երկու տարեկան երեխայի նպաստն են բռնագանձում, ինչը օրենքով սահմանված չէ»,–պատմեց ակցիայի մասնակիցը։

Նա հայտարարեց, որ երկար տարիներ Inecobank-ի հաճախորդ է եղել և միշտ վարկային լավ պատմություն է ունեցել, սակայն տեղի ունեցածի պատճառով այլևս բանկերի «Սև ցուցակ»–ում է հայտնվել։ Բողոքի ակցիայի մասնակիցը նշեց, որ այս պահին չի օգտվում ոչ մի բանկից, և նույնը խորհուրդ տվեց անել մյուսներին։