Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն աճում են դեպքերը, երբ կողմերը պայմանավորվում են պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծել արբիտրաժի միջոցով: Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացար» ալիքի «Expert» հաղորդման շրջանակներում հայտնեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Լիլիթ Պետրոսյանը:

«Մեր կատարած ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս, հատկապես առևտրային հարաբերություններում հաճախ են սկսել նախատեսվել արբիտրաժային տարբեր վերապահումներ»,-ասաց նա՝ նկատելով, որ ներկայում աշխատանքային հարաբերություններում ևս սկսել են կիրառել թե՛ հաշտարարություն, թե՛ արբիտրաժ։

Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման տենդենցը թույլ է տալիս կարծելու, որ տարիների ընթացքում Հայաստանում արբիտրաժը կդառնա վեճերի լուծման ամենանախընտրելի եղանակներից մեկը։

«Թեև արբիտրաժի մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2006 թվականին, իսկ ավելի ուշ՝ հաշտարարության մասին օրենքը, սակայն այսօր վեճերի լուծման այս երկու եղանակները սկսել են ավելի շատ կիրառվել, դրանց մասին ավելի շատ է խոսվում, և օրենսդիրը ևս տարբեր բարեփոխումների միջոցով փորձ է անում վեճերի լուծման այլընտրանքային այս եղանակներն ավելի շատ տարածել և կիրառելի դարձնել»,-ասաց նա:

Անդրադառնալով արբիտրաժի առավելություններին, Կենտրոնի տնօրենը նշեց վեճերի լուծման արդյունավետությունը, էական ազդեցությունը դատական համակարգի բեռնաթափման վրա, ինչպես նաև երկրում իրավագիտակցության մշակույթի զարգացումը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: