Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ձև են տրամադրվել վարորդական վկայակալները. Այն տրվում է ամբողջ կյանքի համար և վկայում է, որ մարդը ունի տրանսպորտային միջոցներ վարելու համապատասխան կատեգորիա, իրավունք. դե տեսեք՝ քանի սերունդ է հիմա վարում տրանսպորտային միջոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում վարորդական իրավունքների գրեթե 90%-ը կեղծ է:
«Այդ սերունդները տասնյակ տարիներ առաջ ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքներ և առ այսօր օգտագործում են։ Եվ այո, ժամանակին վարորդական իրավունք վկայական ձեռք բերելը տարբեր ձևերով կարող էր իրականացվել և դրանց մեջ շատ էին նաև այն ձևերը, որոնք գիտելիքներ չէին պահանջում: Մարդը ստանում էր մեքենա վարելու իրավունք, բայց ոչ գիտելիքների դիմաց, և դա իր արտահայտությունն է գտնում երթևեկության մեջ:
Վատ ուսում ստացած կամ ոչ պատշաճ գիտելիքներ ունեցող վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռեալ ռիսկեր է ստեղծում: Իհարկե, վարչապետը շատ գույները խտացրեց, որպեսզի ավելի պատկերավոր լինի, բայց ամենը ճիշտ է ասված»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը նկատեց, որ միայն վարորդները չեն երթևեկության մասնակիցներ, երթևեկության մասնակիցներ են նաև հետիոտները, ուղևորները, և շատ բան կախված է նաև հետիոտներից և ուղևորներից. «Վարորդների առջև ներկայումս շատ խիստ պայմաններ են դրված, վարորդները հանձնում են և՛ գործնական, և՛ տեսական քննություններ, այսօր բավականին դժվարացել է վարելու իրավունք ստանալը, ինչը շատ լավ է, և կարծում ենք մի որոշակի ժամանակ անց մենք արդեն մեծամասամբ կունենանք գրագետ և պատշաճ գիտելիքներ ունեցող վարորդներ, Բայց ո՞վ է ուսուցանելու հետիոտներին և ուղևորներին, ուղևոր կամ հետիոտը դառնալու համար որևէ գիտելիք չի պահանջվում, որևէ փաստաթուղթ չի պահանջվում: Հետևաբար, խնդիրը պետք է դնել, որպեսզի դպրոցում երթևեկության կանոնները ուսուցանվեն։
Այսինքն, ցանկացած քաղաքացի պետք է իմանա, թե հետիոտն ի՞նչ պարտականություններ ունի, ուղևորը նույնպես ունի մի շատ պարտականություններ։
Օրինակ, ուղևորը իրավունք չունի վարորդի ուշադրությունը շեղող վարքագիծ դրսևորել կամ մեքենայի վարման ընթացքում դուռը բացել, իրեր առարկաներ նետել, չամրակապված վիճակում երթեւեկել և այլն: Այսինքն դպրոցական հասակից, անգամ նախադպրոցական տարիքից պետք է ուսուցանել ճանապարհային երթևեկության կանոնները, որովհետև դա ուղղակի կապի մեջ է անձնական անվտանգության հետ։ Ինչքան դուզինված ես գիտելիքներով երթևեկության կանոնների, այնքան քո անվտանգության մակարդակը բարձրանում է։
Եվ նաև մի հետաքրքիր բան էլ կա, ովքեր երթևեկության մեջ կարգապահ են, այդ մշակույթը կրում են, նրանք նաև կարգապահ են բոլոր բնագավառներում: Ամենից սկսվում է հենց երթևեկության մեջ կարգապահությունից»,- հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ ՔՊ-ն արդեն 7 տարի իշխանության է, հետեւաբար կեղծ վարորդական իրավունքների խնդիրը պետք է լուծած լիներ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Այս 7 տարվա մեջ բավականին մեծ աշխատանք է իրականացվել: Բա որ մտցրել ենք տուգանային միավորների համակարգը, բա դա ի՞նչ է, դա արդեն ֆիլտրելու որոշակի համակարգ է: Այսինքն, այն վարորդները, որոնք շատ խախտումներ են անում, նրանց տուգանային միավորները իջնում են, կասեցվում է վարորդական իրավունքը վեց ամիս, եթե նորից շարունակում են, մյուս անգամ զրկվում է, զրկվելուց հետո նորից գնում քննություն են տալիս, որ վարորդական վկայական ստանան: Սա հենց ֆիլտրելու, զտելու, մարդկանց դեպի գիտելիքներ ձեռք բերելը մղելու գործունեություն է:
Բացի այդ, պարեկային ոստիկանության ձևավորումը շատ բան փոխեց մեր երթևեկության մեջ: Ես չեմ հոգնի ասել, որ այս տարի մենք 45 զոհ պակաս ունենք նախորդ տարվա համեմատությամբ։ Պատճառը հենց պարեկային ոստիկանության այդ ինստիտուտի գոյությունն է»:











