Պռոշյանցիներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան և գնացին Մշակույթի տուն` քննարկելու իրենց հետագա քայլերը:
«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
«Իսկ բողոքելն և ճանապարհ փակելը կա ու կա։ Այսօր անձրևին եկել ենք, այսքանով կանգնել ենք, վաղը տաք եղանակին ավելի շատով կլինենք, ինչի՞ մասին է խոսքը»,-հավելեց նա։
Մասնակից մեկ այլ տղամարդ էլ հայտարարեց, եթե օրենքով են առաջնորդվում, իրենք այդ շրջանակում էլ առաջարկ ունեն։ Երևան քաղաքն ավարտվում է քիչ այն կողմ, կպահանջեն, որ թիվ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը հասնի այդտեղ։
Մեկ այլ մասնակից էլ նշեց. «Պատկերացրեք մի մարդ ունի չորս ուսանող, ամիսը 60 հազար դրամ պետք է տրամադրի 60 հազար դրամ։ Առաջարկում ենք, որ երթուղին հասցնեն մինչև օրինակ մետրոյի «Բարեկամություն» կայարան, բայց ընկերությունից ասում են, նախ Երևանի քաղաքապետարանի հետ պետք է քննարկեն, կարո՞ղ են հասնել այդտեղ, թե՞ ոչ, ակնարկեցին, որ այդ դեպքում տոմսի գինը կբարձրանա»:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։











