Իհարկե, չարժեր փակել Ա1+ հեռուստաալիքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում հայտարարել էր, որ Ա1+-ը ձեռագիր գրված մի էջի վրա առաջարկություններ էր ներկայացրել, որ երկու սենյակ ունեին ու մի տաղավար և լուրջ չէին մոտեցել, մտածել էին, որ իրենք մրցույթը հաղթելու են, Տիգրան Հակոբյանն ասաց, որ փակվելուց մի քանի օր առաջ արդեն արտահոսք էր եղել, որ Ա1-ը զրկվելու է լիցենզիայից. «Ես այն ժամանակ Ա1+-ի և հաճախակի հյուրն էի, և գործընկերն էի, որովհետև Ա1+-ը սկսել է աշխատել, երբ որ Հեռուստառադիոպետկոմի նախագահն էի և մի պահ նույնիսկ երկրորդ ալիքից մի քանի ժամ տվել ենք Ա1+-ին որպես անկախ հեռուստաընկերություն:
Իմանալով դա, ես ինքս ծանոթացա ծրագրին, իհարկե դա ձեռագիր չէր։ Ես կարծում եմ՝ նույնիսկ արխիվներում կարելի է գտնել, դա չէր կարող ձեռագիր լիներ։
Ես չեմ խոսում դա լավ էր թե վատ էր, ժամանակ շատ է անցել, ես չգիտեի նույնիսկ իրենց մրցակիցների ծրագրերը, բայց այն կարող եմ ասել, ինչ գիտեմ, դա ձեռագիր չէր, մեկ, այն ժամանակվա համար շատ լավ տեխնիկական հագեցված էր Ա1+ը երկու, Ա1+ը գրավում էր այդ ահագին շենքի ամբողջ առաջին հարկը»:
Դիտարկմանը, որ նշվում էր, որ Ա1+-ը փոքր լսարան ուներ, Հակոբյանը հակադարձեց. «Այն ժամանակ չափումներ դե չկային, բայց եթե փոքր լսարան ուներ, Ա1+-ի փակելը այդպիսի աղմուկ չէր ունենք: Եվ այդ աղմուկը ընդդիմության աղմուկը չէր, դա հանրության աղմուկն էր»:











