Հայաստանի բնակչությունը գրեթե չի ավելանում, սակայն տրանսպորտային միջոցների քանակը վերջին մի քանի տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Դրա պատճառն, ըստ նրա այն է, որ չկա պատշաճ, կանխատեսելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ։ «Հասարակական տրանսպորտից պետք է օգտվեն և պատգամավորները, և նախարարները, և ցանկացած քաղաքացի, և այս առումով հիմա բարեփոխումներ են սկսվել Երևանի քաղաքապետարանում: Բայց բարեփոխումների արդյունքը պետք է լինի հետևյալը, պետք է տրանսպորտը լինի կանխատեսելի, այսինքն մարդը պետք է հասկանա, որ ժամը 9:00-ին ինքը կարողանալու է նստել ավտոբուս և ժամը 9:40 լինելու է իր համապատասխան ցանկացած տեղում։
Որպեսզի առավել օբյեկտիվ գնահատական փորձենք տանք ոլորտում վերջին հինգ-վեց տարում իրականացված պետական քաղաքականությանը, կրկին պետք է անդրադառնանք վիճակագրությանը. Տեսեք, 2024 թվին մենք ունեցել ենք 4314 միայն զոհերով կամ վիրավորներով պատահար, ունեցել ենք 333 զոհ և ունեցել ենք 6116 վիրավոր։ Հիմա այս վիճարկությունը լավ է թե վատ։
Մենք 2023-ի համեմատությամբ ունենք 299-ով պակաս պատահար, ունենք պակաս 45 զոհ և ունենք պակաս 421 վիրավոր։ Ասեմ ավելին, 2025 թվականի առաջին եռամսյակում արդեն, 2024 թվականի առաջին եռամսյակի համեմատ ունենք վեց զոհ պակաս։ Վիճակագրությունը փաստում է, որ պետական քաղաքականությունը այս ոլորտում էական արդյունք է ապահովել։ Ես կասեի, որ 45 զոհ տարբերությունը առնվազն վերջին տասնամյակի համար աննախադեպ վիճակագրություն է»,-ասաց նա:











