Բոլորս գիտենք, թե երթեւեկության անվտանգությունն ինչի հետ է կապված, ուղղակի բարձրաձայնող չկա, մինչ օրս չեն դատվել այն կաշառակերները, որ վարորդական իրավունքներ են վաճառել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց նախկին բռնցքամարտիկ Արմեն Խալոյանը:

«Դա վարորդների գիտելիքների չիմացության հետ է կապված, բռնապետության հետ է կապված, համակարգային կոռուպցիան, որ համատարած է, որի մասին վարչապետը վերջերս բարձրաձայնեց»,-ասաց նա:

Խալոյանը բերեց միջազգային փորձի օրինակներ. «Լիտվայում, այդ հարցի լուծումը տվեցին այսպես։ Ով իր մեքենան 6 ամիս բերել, անտեր ու դուս գցել էր ճանապարհի վրա, դա պետականացվում էր, առգրավում էր, դրվում էր աճուրդի:

Բացի այդ, իրենք մինչև 6-հարկանի ավտոկայանատեղիներ կառուցեցին: Երրորդը, Կոմիտասում հարկայինի և կադաստրի արանքում, ոստիկանական հենակետի կողքը, հետիոտնային ճանապարհի վրա բեզալցակայան է կառուցված: Ես դուրս եմ գալիս փողոց, մեքենայի տակ ընկնելով անցնում եմ: Դա ո՞նց պետք է լինի, ո՞նց անցնեմ, այդ լցակայանի վրայով:

Այս հարցերը չեն լուծվի, քանի դեռ ոստիկանությունը կոռումպացված է, հանցագործներ են ղեկավար կազմը նստած, որոնք խլել են իմ ունեցվածքը, մինչ օրս ոչ մեկը չի պատժվել և հետ չեն վերադարձնում։ Ձեզ հարց եմ տալիս, ե՞րբ է վերափոխվելու ոստիկանությունը և գիտելիքներ ձեռք բերելու, որովհետև տգիտություն է տիրում ոստիկանությունում: Ես չունեմ մեքենա, վարորդական իրավունք, երբևէ մեքենա չեմ վարել, բայց իմ վրա վարչական ակտ են կազմել, որ ես խախտել եմ»,-ասաց նա:

Լսումները վարող Անդրանիկ Քոչարյանը միջամտեց. «Դուք այնպիսի բաներ եք ասում, որը պատասխանատվությունից զուրկ է։ Եթե ասում եք՝ հասցեատիրոջն էլ ասեք»;

Խալոյանն արձագանքեց. «Անձամբ ձեզ կարող եմ ասել, ձեր հանձնաժողովում իմ դիմումների ընթացքը ինչու՞ է կոծկվում: Ես պատասխանատվություն եմ կրում իմ ամեն ասածի համարը, կարող եք քրեական վարույթներ հարուցեք, կապացուցեմ փաստերով, անհերքելի փաստերը կդնեմ դեմներդ»: