Պետությունը հարկեր, տուրքեր է բարձրացրել, ծառայություններ է բարձրացրել հիմա էլ կեղեքում եք ի՞նչ եք ուզում ուզում եք որ այս ժողովուրդը թողի գնա, մնա մենակ դատարկ հողը ձե՞զ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քասախի բնակիչներից մեկը:
Նշենք, որ քասախցիները պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին: Նրանք ժամանակ առ ժամանակ փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկաններին հաջողվում է բացել այն:
Արագածոտնի մարզպետն առաջարկել է ժամը 10:30 հանդիպել, բայց քասախցիները հրաժարվում են մարզպետարան գնալ, ասում են՝ թող ինքը գա մեզ հետ այստեղ հանդիպի:
«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին իր ունեցվածքը բավական է, շատ հարգարժան մարդ է, շատ լավ մարդ է, բայց չի մնացել այդ մի քանի կոպեկին, թողեք այս մարդիկ այստեղ ապրեն: Ձեզանից ոչինչ չենք ուզում, մեր հող ու ջրի վրա ապրենք: Մենք 50-60 զոհ ենք ունեցել, թողեք ապրեն նրանց ծնողները:
Կարծում եք՝ Նիկոլը չգիտի՞ այս արարքի մասին, որ թանկացնում են, որ ճանապարհը փակվում է այդ պատճառով, որ ավտոբուսները հանում են, նորից վերադարձնում են այն սրկատիրական ժամանակի Գազելներին։ Գազելի մեջ իրար հեծած էին գնում, հերիք է, մեկս մյուսի բերանի մեջ էին շնչում: Թողեք ապրենք էլի, թողենք Հայաստանից գնա՞նք, դա է ձեր ուզա՞ծը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։











