Ես հենց հիմա մոտակա հիմնարկում աշխատանքի եմ, բայց չեմ գնացել աշխատանքի, որովհետև ավելի կարևոր է այս հարցը, այստեղ մենակ իմ հարցը չի, այստեղ հաշմանդամություն ունեցող ծերերի, երեխաների եւ մի ամբողջ համայնքի հարցն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քասախ գյուղի բնակչուհիներից մեկը, ով մասնակցում է բողոքի ակցիային:
«Սա մեծ, 10-15 հազարանոց համայնք է, իմ կարծիքով շատ բարդ բան չի լինի, եթե մարզպետը գա ու այստեղ հանդիպի ժողովրդի հետ։ Մենք ունենք կուլտուրայի տուն, համայնքապետարան, թող գա, այնտեղ քննարկենք: Այս ալիքը վաղը ավելի մեծ ալիք կդառնա, եթե այսօր այս հարցին լուծում չտրվի»,-ասաց նա:
Քասախցի կինը հավելեց, որ ինքը ագրեսիվ գործողություններին կողմ չէ, ճանապարհը կփակեն այնքան, որքան օրենքը թույլ է տալիս. «Բայց ես ուզում եմ, որ մեր տրանսպորտը մնա։ Թող էլի «Մուլտի տրանսպորտը» աշխատի, թող երկու տրանսպորտը աշխատի, սա այնքան մեծ համայնք է, որ երեք տրանսպորտը էլ աշխատի, հաստատ կաշխատի շահույթով, ոչ թե վնասով»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։











