«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուժայինների գործողություններն ուղղված են եղել հիմնարկում անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովելուն։ Այս մասին ապրիլի 10-ին կառավարությունում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ մեկնաբանելով բանտարկյալների անկարգությունն ու դրան հաջորդած ուժայինների արձագանքը։
«Ինչ վերաբերում է ծեծին, ապա ես արդեն ասացի. օրենքով սահմանված կարգով միջամտություն է եղել կարգուկանոն հաստատելու եւ անվտանգության ապահովման համար, այդ միջամտությունը գերազանցե՞լ է ընդունելի սահմանները՝ այս հարցով ծառայողական քննություն է տարվում։ «Առկա հարցերի պատասխանները կտրվեն քրեական գործի շրջանակում»,- ասել է Դադունցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անկարգություն էր տեղի ունեցել։ Ամեն ինչ սկսվել էր բանտարկյալներից մեկի տեղափոխությունից հետո, որը փորձել էր քրեական կարգ պարտադրել։
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, տեղափոխումը բողոքի ակցիա է առաջացրել դատապարտյալների շրջանում։ Վերջինները վնասել են տեսախցիկներն ու այրել ներքնակները։ Ի պատասխան՝ ուժայինները բռնի ուժով դուրս են բերել խախտողներին իրենց խցերից։
Քրեակատարողական ծառայությունն ընդգծել է, որ բանտարկյալի տեղափոխումն իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի եւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի շրջանակում։
Դեպքից հետո երկու դատապարտյալներ բողոքել են հնարավոր կոտրվածքներից, սակայն բժշկական փորձաքննությունը չի հաստատել վնասվածքների առկայությունը։











