Վերաքննիչ դատարանը մարտի 12-ին բավարարել է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի բողոքը և անվավեր ճանաչել 2021 թվականի մարտի 1-ին (երկրորդ փուլ՝ մարտի 15-ին) տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Այսօր՝ ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Ղազարյանը նշեց, որ վերաքննիչ դատարանի համար հիմք են հանդիսացել երկու հիմնական կետեր. «Առաջինն այն է, որ փակ գաղտնի քվեարկության հաշվիչ հանձնաժողովի անդամների համար առանձնացված սենյակ մուտք է գործել օտար անձ, տվյալ դեպքում Հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը բավական լայն լիազորություններով օժտված անձ է: Եվ երկրորդը, ըստ ռեկտորի ընտրության կարգի հաշվիչ հանձնաժողովի արձանագրության պետք է ստորագրեն հաշվիչ հանձնաժողովի նախագահը եւ անդամները: Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամներ ուղիղ եթերում հրաժարվել են եւ չեն ստորագրել արձանագրությունը: Այնտեղ կա միայն երկու անդամի ստորագրություն:
Դատարանն արձանագրել է, որ այս երկուսից յուրաքանչյուրն առանձին-առանձին հիմք է ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»,-ասաց նա:
Դավիթ Ղազարյանը նկատեց, որ Պոլիտեխնիկի ռեկտորը ընտրվել է ապօրինի և 4 տարի պաշտոնավարել է, ստացել ռեկտորի աշխատավարձ, ստորագրել հրամաններ, ընդունել որոշումներ, հեռացրել աշխատակիցների, նշանակել մարդկանց պաշտոնների և այլն։
Իր հերթին Պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի նախկին ղեկավար Արամ Միքայելյանը նշեց, որ ռեկտորի ընտրության երկրորդ փուլում մեկ քվեաթերթիկ վօճելի է եղել, ինչը որոշիչ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա.
«Այո, իրականացվել են որոշակի մեքենայություններ: Միշտ էլ դատական ընթացքները հաշվի են առնում այն խախտումները, որոնք ընտրության արդյունքի վրա թողնում են որոշիչ ազդեցություն։ Այդ երեք քվեաթերթիկները, որոնք առանձնացրել են հոգեբանների հաշվիչ հանձնաժողովի անդամները, դրանցից մեկը բոլորի կողմից ճանաչվել է անվավեր, այն երկուսը չգիտեմ ինչ-ինչ ընթացակարգերով համարվել են վավեր: Ես կարծում եմ՝ դա եղել է ճնշում գործադրելով, որը քրեորեն պատժելի արարք է։ Ինչու չեն սկսում քրեական վարույթ այս հարցով:
Մենք ունենք ընտրության հստակ կանոնակարգ, նման ծագած դեպքերում հանգիստ կարող էր Հոգաբարձուների խորհուրդը մի շաբաթ հետո, 10 օր հետո նոր ընտրություն նշանակել, նոր հաշվիչ հանձնաժողով ընտրեին։ Ոչ, ափալ-թափալ գնացին ամեն գնով, խախտումներ անելու ճանապարհով՝ իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար:
Հանրությունը պետք է իմանա և հասկանա, թե ինչ բարոյահոգեբանական ճղճին միջավայր էր ստեղծել այնտեղ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և նրան փոխարինող ծայրագավառային դատողություններով ապրող Գոռ Վարդանյանը»,-ասաց նա:











