Քիչ առաջ Երեւանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանն  արդարացման վճիռ կայացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:

Նա վճռի եզրափակիչ մասում նշեց. «Ապացուցված չէ Ալբերտ Նիկոլայի Առուստամյանի մեղսագրվող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասում սահմանված հանցակազմի առկայությունը։

Ըստ էության կայացվեց արդարացման վերդիկտ, լրացուցիչ դատալսումները տեղի կունենա մեկ այլ նիստում, որի ժամանակ նաև ձեզ տրվում է հնարավորություն ներկայացնել այնպիսի միջնորդություններ, այնպիսի փաթաթթեր, նյութեր, որոնք լրացուցիչ դատալսումների ժամանակ անդրադառնալու ենք։ Իսկ լրացուցիչ դատալսումների ժամանակ արդեն իսկ հասկանում եք, թե ինչ հարցերի ենք անդրադառնալու արդարացման վերդիկտի պայմաններում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության:

Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։

Ավելի ուշ արցախցի Ալբերտ Առստամյանը լրատվամիջոցներից մեկին տված հացրազրույցում հայտարարել էր՝ «Լավ եմ արել»: