Մտքովս չէր անցնում, որ կարդարացնեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը:

«Այն, ինչը ես արել եմ, չեմ փոշմանում: Դա բողոքի ակցիա է եղել իմ կողմից: Մայրիկիս ծնունդն է եղել, ես հեռաստացույցով տեսա, որ ինքը հեծանիվից իջնում է, գնում է խաշլամա է ուտում: Դուրս եկա բալկոն, տեսա՝ կանգնած է, ջղայնացա Ճիշտն ասած, կարտոշկա էի ուզել գցել, չճարեցի, խնձորը մոտիկ էր, խնձորը վերցրեցի»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ կասեր Նիկոլ Փաշինյանին, եթե տեսներ նրան, Առստամյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մարդու հետևից խոսեմ, եթե ինքը զրույց ունի անելու, ես իր հետ մի երկու բառ զրույց ունեմ, սիրով կանեմ:

Կասեի՝ հրաժարական տուր, գնա, ժողովուրդը մեղք է, էս ինչ օր ես գցել, արցախցիներին էս ինչ օրն ես գցել: Ինչի՞ համար եմ ես այդ խնձորը գցել, ինքն է այս օրը գցել մեզ:  Դրա համար էլ ես իրեն չեմ հարգում, իրենց ՔՊ-ի խումբը չեմ հարգում»:

Արցախցի տղամարդը նշեց, որ 8 հոգով վարձով ապրում են երեք սենյականոց բնակարանում: Մեծ աղջիկս է աշխատում, օգնություններ են ստանում»:

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանն  արդարացման վճիռ կայացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության:

Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։

Ավելի ուշ արցախցի Ալբերտ Առստամյանը լրատվամիջոցներից մեկին տված հացրազրույցում հայտարարել էր՝ «Լավ եմ արել»: