Կենտրոնական իշխանությունը որևէ մեկին չի պատժում ընտրությունների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հայտարարությանը, թե եթե ընդդիմադիր ուժերը Գյումրիում իշխանափոխություն չիրականացնեն, հնարավոր է՝ Փաշինյանի իշխանությունը գյումրեցիներին պատժի այսպիսի ընտրության համար։
«Իրենք երևի շփոթում են 2018-ից առաջ եղած իշխանությունների որդեգրած քաղաքականության ու ձեռագրի հետ: Ես ցավում եմ, որ պարոն Աջապահյանը նորից եկեղեցականի սքեմի տակ թաքնվելով քաղաքականությամբ է զբաղվում շատ ավելի շատ, քան որևէ քաղաքական գործիչ և փոխանակ հոգևոր և միասնական կոչեր անելու, ընդդիմադիր հայացքներով է հանդես գալիս:
Պարոն Աջապահյանը նաև նշել էր, որ ցանկալի է՝ այս ամեն ինչը տեղափոխվի Երևան: Ես դրա մասին ստատուս էլ գրեցի, որ տվյալ անձի սիրտը ինչ-որ գործողություններ է տենչում Երևանի կենտրոնում, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ գյումրեցին այնքան իմաստուն է, այնքան գիտակցված ընտրություն է կատարել իր ընտրատեղամաս գնալով, որ ցավում եմ, բայց պարոն Աջապահյանը ստիպված կլինի այս անգամ ևս հիասթափվել, որովհետև որևէ գործողություն Երևան չի տեղափոխվելու:
Ես վստահում եմ ՀՀ քաղաքացու քաղաքացուն և գիտեմ, որ շարունակելու է կանգնած մնալ ՔՊ կուսակցության կողքին, և համայնքներում, և համապետական մակարդակով, որովհետև տեսնում է, որ մեր կուսակցությունը, իշխող ուժը արդար ու ազնիվ է իր հետ»,-ասաց Էմմա Պալյանը:
Նա նկատեց, որ ՔՊ-ի ձայները Գյումրիում էապես աճել են, որը արդյունք է նրա, որ մարդիկ տեսնում են, որ 2018-ից հետո Գյումրին բացարձակապես այլ դեմք ու դիմագիծ ունի. «Քայլում ես փողոցներում ու չես կարող այդ փաստը ուղղակի չարձանագրել։ Իհարկե, կան դեռևս չլուծված խնդիրներ, բայց դրանք մեր ուշադրության կենտրոնում են, դրանք ըստ հերթականության ու կարևորության լուծվելու են:
Հիմա ավելի շատ մարդիկ են մեզ վստահում, քան ընդդիմադիր ուժերից որևէ մեկին առանձին վերցրած: Ես գիտեմ, որ հայտնի շրջանակները այնպես են մեկնաբանում, որ ամեն դեպքում ՔՊ-ն մերժված է կամ ընդունված չէ, չկա նման բան: Ես Գյումրիում եմ ամեն օր, ես քարոզարշավի ընթացքում ամենօրյա ռեժիմով շփվել եմ քաղաքացիների հետ, տեսել եմ, թե ինչ սեր, հարգանք ու վստահություն են տածում մեր քաղաքական ուժի հանդեպ»:











