Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ մեր բոյկոտը կայացել է, ինչի մասին վկայում են ե՛ւ վիճակագրությունը, ե՛ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը՝ 15 հազար դրամ տուգանք սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր հրաժարվում են վճարել ուղեվարձը։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը կփորձի հասնել դրան՝ օրենսդրական փոփոխություններ մտցնելով։ Թեւանյանն ավելացրել է, որ իշխանությունները նախատեսում են հասարակական տրանսպորտի ուղեվարձը նույնացնել տեղական տուրքի հետ, որպեսզի կանխեն դրա դեմ հանրաքվեի անցկացումը, որի պահանջով արդեն հավաքվել է 17 հազար ստորագրություն։

«Մենք կարծում ենք, որ ճանապարհածախսի ինքնարժեքը տատանվում է 65 դրամի սահմաններում, եւ դա հիմնավորել ենք հենց իշխանությունների կողմից ներկայացված տվյալների հիման վրա։ Իշխանություններն ասում են, որ օրական ուղեւորահոսքը տատանվում է 200-250 հազարի սահմաններում, ինչը վկայում է այն մասին, որ «ստվերը» շարունակում է մնալ 50 տոկոսից բարձր մակարդակի վրա»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Նրա խոսքով՝ բացահայտվում է վարչապետի հերթական սուտը, թե բոլոր հարցերը կքննարկվեն հրապարակային՝ ժողովրդի մասնակցությամբ, քանի որ նա ցանկանում է ժողովրդին զրկել հանրաքվե անցկացնելու հնարավորությունից։

«Բացի այդ, նա այդպիսով դառնում է այս ոլորտում տարեկան 25-30 միլիոն դոլարի կողոպուտի հիմնական շահառուն, հունվարից էլ կբարձրանան ճանապարհածախսը»,- ընդգծել է Անդրանիկ Թեւանյանը։

Նա խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել այս հարցերը բարձրացնել օրինագծի քննարկման ժամանակ, որը նախատեսված է այսօր համապատասխան հանձնաժողովի նիստում։