Պարոն Փաշինյան, մենք ձեզ ասում էինք՝  սկսեք խոշորներից ու հանգիստ թողեք մանրածախ առեւտրին, ոչնչանում է մանրածախը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, կառավարության շենքի դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Իրինա անունով: Նա նշեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 18 տարի աշխատելուց հետո կասեցրել է իր գործունեությունը:

«Նոր հասկացա՞ք, որ մանրածախը վերանում է, սկսում եք խոշորներից, միջինն էլ ինքստինքյան կանգնելու է փաստի առաջ։ Դուք պատկերացնու՞մ եք ինչ է կատարվելու միջինի վիճակը»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու հիմա, երբ ստիպված է եղել կասեցնել գործունեությունը, տիկին Իրինան պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ անել։ Տուգանվելու մատերիալ ենք դարձել բոլորս: «Սումալու» տոնավաճառում արդեն սկսվել են տուգանքները, ու տուգանքները սկսվում են մեկ մլն դրամից:

Առաջ տուգանում էին կտրոնների համար, իսկ հիմա, երբ օրենքը մտել է ուժի մեջ, ամեն պատճառ կարող են բռնել, քանի որ դու պետք է գույքագրես  քո ապրանքը:

Հարգելի բիզնեսմեններ, տուգանքները արդեն սկսվել են, մտածեք: Ով ի վիճակի է, որ տուգանվի երկու անգամ մեկ միլիոն, խնդրեմ աշխատեք, իսկ ես չգիտեմ ինչ եմ անելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը: