Դուք պաշտպանում եք ոչ թե ժողովրդի շահը, այլ՝ այժմյան բանկերի, թալանչի բանկերի ղեկավարներին, որոնք ինչո՞վ են զբաղված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, կառավարության շենքի դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից Գագիկ Ալավերդյանը:
«Նրանք ամեն ինչն ուզում են գցեն, ամեն մի գործարք գցեն բանկի մեջ, որտեղից իրենք ունեն մեծ շահույթներ, դրանցից տուժվող մեկը ես եմ: Իրենք առանց զգուշացնելու 2020 թվականին կորոնավիրուսի ժամանակ, երբ բանկերը փակ էին, մենք չէինք կարող որևիցե մուծումներ անել, դրանից հետո եկավ 2020 թվականի պատերազմը ու 2023 թվականին նրանք ասացին, որ պետությունն ամեն ձև կաջակցի միկրոբիզնեսին էլ, մյուսներն էլ, սակայն բացարձակապես ոչ մի բան չարեցին:
Բերեցին մեզ վրա դրեցին տուժեր, տուգանքներ, ահռելի մեծ թվերով, պլյուս դրան, հարկայինն ավելացրել էր 0.04% էր այն ժամանակ, հիմա ավելացրել է արդեն 0.75%: Դա նշանակում է երկու անգամ իրենք տույժ տուգանքների վրա ավելացրել են տոկոսներ: Ամեն ինչ անում են, որ փոքր ու միջին բիզնեսը վերացնեն, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասեց, նրանք ուզում են զարգացնել միայն մենաշնորհը»,-ասաց նա:
Անդֆրադառնալով կառավարության նիստում վարչապետի հայտարարություններին, տնտեսվարողն ասաց. «Իրոք, Նիկոլ Փաշինյանը շատ հիանալի խոսքեր ունի, որ պետք է բոլորը հիշեն, ինքը ասում է՝ այս յոթ տարի է որ ամբողջ այս կառավարությունը, այս մնացածն առաջին դասարանի կրթություն ունեն, բայց ես մի բան գիտեմ, ես երեք ինստիտուտ եմ ավարտել, իմ համար մի քիչ դժվար է առաջին դասարանի, անգամ իմ հինգերորդ դասարանի երեխային բան բացատրել։ Ես ինքս գիտնական, ինժեներ-գյուտարար եմ, Հայաստանի գյուտարարների խորհրդի անդամ եմ: Շատ պրիմիտիվ բան կա, որը օգտագործելով փոքր և միկրոբիզնեսը, ոտքի կկանգնի, կզարգանա մեր պետությունը էլ հետը։ Եթե փոքր ու միջին բիզնեսը վերանա Հայաստանից, Հայաստանը կդառնա ամենահետամնացը»:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:











