«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն կանի՝ արդյո՞ք Սարիկ Մինասյանին Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու է, թե՞ ոչ, պետք է ուղղակի սպասել: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այդ հարցը խմբակցությունն է որոշելու, նիստը տեղի կունենա, և որոշումը կկայացվի»,-նշեց նա։
Հարցին՝ ընդդիմադիր ուժերի հետ պատրաստվո՞ւմ են բանակցել՝ ի պատասխան Ալեքսանյանը նշեց. «Չէ , ընդդիմադիրների հետ ի՞նչ բանակցենք։ Իրենք իրար հետ շատ լավ բանակցում են՝ ներդաշնակ, սերտ, ներծծված: Մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ ՔՊ կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն է։ Մնացածն էլ՝ ինչպես կդասավորվի։ Ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ համագործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է քաղաքապետ ընտրվելուց հետո իշխանությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցնի, Ալեքսանյանը նշեց. «Իշխանությունը ոչ մեկին չի բռնում։ Վարդան Ղուկասյանը իր բերանով հայտարարել է, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ է մտել էն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ իր հանդեպ հարուցվել են նաեւ ապօրինի գույքի բռնագանցման պահանջով գործեր: Այսինքն՝ պատճառահետևանքային կապը հետևյալն է՝ հարուցվել են քրեական գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ ու ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի, իր արևին, պաշտպանվի դրանցից»։











