Էլվիս անունով կոկորդիլոսը կենդանաբանական այգու աշխատակցից խլել է  խոտհնձիչը, որի աղմուկը, ամենայն հավանականությամբ,  զզվեցրել է իրեն:

Պատահարը տեղի է ունեցել Սիդնեյի մոտ գտնվող սողունների այգում: Հինգմետրանոց կոկորդիլոսն անսպասելի դուրս է եկել իր ջրամբարից, խոտհնձիչը խլել աշխատակցից եւ իր հետ տարել գցել ջուրը: Դրանից հետո էլ հսկել է, որ աշխատակիցը այն նորից չտանի:

Այգու կառավարչի խոսքով` սարքը հաջողվել է վերցնել միայն այն ժամանակ, երբ քաղցած կոկորդիլոսին, կենգուրուի մսով գայթակղելով, տարել են ափի մոտ:

Կոկորդիլոսը սարքին լուրջ վնասներ է հասցրել, բայց ինքն էլ առանց կորուստների չի մնացել, երկու ատամ է կորցրել, հաղորդում է ВВС-ն:

Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով` Էլվիսը, որը մոտ 50 տարեկան է, առանձնանում է դյուրագրգիռ բնավորությամբ:  Նրան բռնել են Դարվինի ծոցում անընդհատ ձկնորսական նավակների վրա հարձակումներ գործելուց հետո: Այգում կոկորդիլոսն անմիջապես ցույց է տվել իրեն` ուտելով երկու ընկերուհիներին, որոնց նրա մոտ էին գցել: