Գյուղատնտեսության ծրագրերի մի մասը արդյունավետ են, մի մասը արդյունավետ չեն. արդյունավետ են բոլոր այն ծրագրերը, որոնք նպատակը ինտենսիվ գյուղատնտեսությունը խթանելն է և արդյունավետ չեն բոլոր այն ծրագրերը, որոնց նպատակը ինտենսիվ գյուղատնտեսությունը խթանելը չի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանալի է, որ մի հեկտար հողի վրա արդյունաբեր գյուղատնտեսություն չի լինելու: Եկեք էլի գնանք, փողը տանք, սերմը տանք, հացը տանք, ջուրը տանք... գյուղատնտեսությունը ինքը ծավալ է ենթադրում, հետևաբար հողերը պետք է խոշորանան: Բա մի հեկտարի վրա աշխատող գյուղացին ի՞նչ անի: Իրեն պիտի պատրաստենք, շուկա լինի, աշխատանքը լինի, ուրիշ գործով զբաղվի։ Սա է լուծումը, ուրիշ լուծում չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, Փաշինյանն ասաց. «Ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է. ընդդիմության ներկայացուցիչը ձայն է վերցնում վարման կարգով, ասում է՝ ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք: Արա բա մեր գրպանները լցնեի՞նք։ Խելագարվելու բան է: Իրենց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լիներ: Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք, որովհետև ասում եմ՝ քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է:

Ուզում ես շաբաթը յոթ օր մսով ճաշ կեր, դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայր է: Ուզու՞մ ես տանս սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանեն, սկի վրեդ խաբար էլ չի լինելու, որովհետև լույս էլ չի լինելու, որ պատուհանից տեսնես, երկու հոգով էին, թե երեք հոգով էին։ Հեռախոս էլ չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տեսնի՝ ինչ է եղել։

Այնպես չի, որ այսօր մեր ոստիկանությունը կամ պետական կառավարման համակարգը կատարյալ է աշխատում, բայց այդ թվում այն պայմաններով, որ տասնյակ տարիներով փոխանակ բյուջե լցնեն, իրենց ջեբերն են լցրել, ոստիկաններին էլ ասել են՝  դե գնացեք, այդտեղ կանաչի-մանաչի ծախող կա, տեսեք ինչ եք անում»,- ասաց Փաշինյանը: